Միլանում մի հայ կին պահանջեց Փաշինյանի հրաժարականը. վարչապետի պատասխանը

Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Միլանի հայ համայնքի հետ` պատասխանել հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության մասին հարցերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. Որոշ հայտնի կոռուպցիոներներ հիմա արդարադատությունից թաքնվում են Իտալիայում։ Բայց թող ոչ ոք հույս չունենա, որ իրենց չեն բռնի։ Այս մասին այսօր` նոյեմբերի 20–ին, Միլանում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Չգիտեմ, թե Վատիկանի որ նկուղներում են թաքնվում, բայց համոզված եղեք, որ մենք կբռնենք նրանց վզերից և կենթարկենք պատասխանատվության»,–խոստացել է Փաշինյանը։

Ամենայն հավանականությամբ, վարչապետն ակնարկել է Միքայել Մինասյանին` Վատիկանում Հայաստանի նախկին դեսպանին, Սերժ Սարգսյանի փեսային։

Պետականը սեփականի հետ չխառնենք. Փաշինյանը ցույց է տվել Սերժ Սարգսյանի նախկին առանձնատունը

Մինասյանը երկար ժամանակ արտասահմանում է, Հայաստանում նրա դեմ կարող են հարուցել քրեական գործ` կապված ռազմավարական օբյեկտն անօրինական կերպով յուրացնելու հետ։

Միջոցառման ընթացքում մասնագիտությամբ բժիշկ մի կին բավական կտրուկ տոնով հայտարարել է Հայաստանում ատելության համատարած քարոզչության մասին, մեղադրել գործող իշխանություններին կործանարար արտաքին և ներքին քաղաքականություն վարելու մեջ, ինչպես նաև պահանջել Փաշինյանի և ամբողջ կառավարության հրաժարականը։

Մի փոքր իրարանցում է առաջացել, ներկաները հայտարարել են, որ համաձայն չեն նրա հետ։ Կինը ցասումն արտահայտելուց հետո հեռացել է։ Նրա պահվածքն ընդհանրապես չի շփոթեցրել վարչապետին։ Նա միայն խորհուրդ է տվել հեռանալուց առաջ լսել իր պատասխանը։

«Արցախյան հակամարտության ներկայիս բանակցային փուլը մտահոգիչ է». Սերժ Սարգսյան

Վարչապետը նշել է, որ Հայաստանում ատելության քարոզչության մասին անընդհատ խոսում են, բայց անհրաժեշտ է պարզել այդ ատելության պատճառները։

Փաշինյանի խոսքով` եթե Հայաստանում երկար ժամանակ եղել է մի իշխանություն, որի հանդեպ մարդիկ միայն ատելություն են զգացել, ապա անհասկանալի է, թե ինչ կապ ունի դրա հետ ինքը և իր գլխավորած կառավարությունը։

«Մենք երբեք ատելության կոչ չենք արել։ Հեղափոխության օրերին մեր կարգախոսը սերը և համերաշխությունն էր»,– հիշեցրել է նա։

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, մասնավորապես ղարաբաղյան հարցին, ապա վարչապետը հարց է տվել, թե որն էր Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մարտավարությունը, նրանց քաղաքականությունը Մեղրին հանձնելուն չէ՞ր տանում։

Միջադեպ Միլանում. հայ համայնքի հետ Փաշինյանի հանդիպմանը ադրբեջանցի է ներխուժել. տեսանյութ

«Փաշինյանը հետաքրքիր է, խելացի, հնարամիտ». Աբաս Ջումա

«Թե՞ խաղաղության դիմաց 7 շրջանները Ադրբեջանին հանձնելուն։ Ո՞րն էր Սերժ Սարգսյանի ռազմավարությունը։ Այն, որ Աղդամը մեր հայրենիքը չէ՞։ Հիմա նրանք մեզ մեղադրում են, որ հող ենք հանձնում։ Դուք խոսում եք պետական ինստիտուտների դեգրադացիայի մասին։ Եթե նկատի ունեք կոռուպցիան, ապա այո՛, այդ ինստիտուտը տապալված է», – հայտարարել է նա։

Վարչապետը նշել է նաև, որ հրաժարականի մասին մտածելու պատճառ չունի, քանի դեռ ունի հայ ժողովրդի վստահության մանդատը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Իտալիա մեկնարակել է նոյեմբերի 20–ին և կտևի մինչև նոյեմբերի 22–ը։