Ինչով է Աֆրիկան Հայաստանից լավը. փոխվարչապետը մեկնաբանել է «Տարոն Ավիայի» ընտրությունը

Ավիափոխադրումները «մարշրուտկայով» մարդ տեղափոխելը չէ։ Տիգրան Ավինյանն այս կերպ բնորոշեց հայաստանյան միակ ավիաընկերության աշխատանքի որակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik.Հայաստանը չի կարող նպաստավոր լինել այն ընկերությունների համար, որոնք չեն ուզում աշխատել միջազգային ստանդարտներով։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` մեկնաբանելով «Տարոն Ավիա» ընկերության` Հայաստանից հեռանալու և Աֆրիկայում աշխատելու որոշումը։

 «Տարոն-Ավիա» ընկերությունը բողոքել է ՏՄՊՊՀ-ին ՌԴ օդանավակայաններում խտրականության համար

«Ավիափոխադրումները «մարշրուտկայով» մարդ տեղափոխելը չէ։ «Տարոն Ավիան» եվրոպական կառույցներից մեկի հետ խնդիր է ունեցել։ Եվրոպայի մեր գործընկերները տեղեկացրել են, որ ընկերությունը որոշակի ստանդարտների չի համապատասխանում և թռիչքները խնդրահարույց են։ Կոմպլեքս փորձաքննություն է անցկացվել և այդ փորձաքննության արդյունքները բավարար չեն եղել»,- ասաց փոխվարչապետը։

Ավինյանը նաև նշեց, որ հայկական ավիաընկերության` հայաստանյան շուկայից հեռանալը ցավալի է, բայց առաջին տեղում թռիչքի անվտանգությունն է։

«Այստեղ զիջելու տեղ չունենք։ Սա է լինելու քաղաքականությունը բոլոր ոլորտներում»,– ասաց Ավինյանը։

Հիշեցնենք` 2019 թ-ի նոյեմբերի 6-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարեց, որ  «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ում անցկացված տեսչական ստուգումների ու արձանագրված թերությունների արդյունքում կասեցվել է ավիաընկերության` օդանավ շահագործողի վկայականը։

Հաղորդագրության մեջ նշվում էր, որ ընկերությանը տրվել է 6 ամիս ժամկետ` թերությունները վերացնելու համար, սակայն «Տարոն–Ավիան» որոշել է ընդհանրապես դադարեցնել իր գործունեությունը։

Ինչ խնդիրներ կան ռուսական օդանավակայաններում. «Տարոն–Ավիան» բողոք է ուղղել ԵԱՏՀ

2018-ի հունվարից հայկական միակ ավիաընկերությունը` «Տարոն–Ավիան» հեռացել է Հայաստանից  և ներկայում գործունեություն է ծավալում հիմնականում Աֆրիկյան երկրներում։

«Տարոն-Ավիան» ՀՀ–ում հիմնադրվել և գրանցվել է 2007 թվականից։

2017 թվականի ապրիլից Գյումրու «Շիրակ» օդանավակայանում բազավորված «Տարոն Ավիա» ավիաընկերությունը կանոնավոր չվերթեր էր իրականացնում Գյումրի-Կրասնոդար-Գյումրի, Գյումրի-Սամարա-Գյումրի և Գյումրի-Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան)- Գյումրի երթուղիներով:

2017թ.–ի նոյեմբերի 17-ից ավիաընկերությունն առաջին կանոնավոր թռիչքն էր իրականացրել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան: