«Թուրքիայի քիթը տրորեցին». Պոզները` ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ քայլերի մասին

Հայտնի լրագրող ու հաղորդավար Վլադիմիր Պոզներն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ամերիկյան բանաձևի ճակատագրին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև ընդունեց, որովհետև ամերիկացիները բարկացել էին Անկարայի վրա։ Այս մասին հայտնի լրագրող Վլադիմիր Պոզներն այսօր գրել է Instagram–ի իր էջում` պատասխանելով օգտատերերից մեկի հարցին։

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ (405 կողմ, 11 դեմ) Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունեց հոկտեմբերի 29–ին։ Կողմ քվեարկեցին 223 դեմոկրատ և 177 հանրապետական կոնգրեսականներ: Փաստաթուղթը պետք է քննարկվեր նաև Սենատում, բայց Հանրապետական կուսակցության սենատոր Լինդսի Գրեմը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո օգտվեց բանաձևի վրա վետո դնելու իրավունքից։

«Ի՞նչ եք կարծում` ինչո՞ւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 1915 թվականի կոտորածը ցեղասպանություն ճանաչեց։ Ինչո՞ւ հենց հիմա։ Որովհետև անչափ զայրացել էր Թուրքիայի նախագահ Էրդողանի վրա` Ռուսաստանից հակաօդային С-400–ներ գնելու և Սիրիայի քրդերին հարված հասցնելու համար», – գրել է Պոզները։

Լրագրողը նշել է, որ ԱՄՆ–ում ցեղասպանության հետ կապված իրադարձությունները քաղաքական խաղեր են։ Նրա կարծիքով` իրականում ամերիկացիներն ընդհանրապես անտարբեր են այդ պատմության հարցում։

«Իսկ այն, որ Սենատում արգելափակեցին այդ հարցի քննարկումը, նույնպես քաղաքական խաղ է, իբր Թուրքիայի քիթը տրորեցին, հերիք է, բայց պետք չէ չափն անցնել», – նշել է Պոզները։

Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։ Եվս վեց պետություն (ներառյալ` ԱՄՆ–ն ու Մեծ Բրիտանիան) Հայոց ցեղասպանությունը մասամբ են ճանաչել` նահանգների կամ շրջանների մակարդակով։