ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինն իր դիրքորոշումը հայտնել է վաղուց, դա բավականին պրագմատիկ լուծում է և մոտ է Հայաստանի նախկին ու ներկա իշխանությունների դիրքորոշումներին: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Ակնհայտ է, չէ՞, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը փոխզիջումների հենքով պետք է լուծվի, և Արցախի անկախությունն ու միջազգային ճանաչումն այլընտրանք չունեն: Ակնհայտ է նաև, որ Հայաստանը նույնպես պետք է որոշակի զիջումներ անի Արցքախին կից ազատագրված տարածքներից: Ընդ որում ՝ Զատուլինն այդ մասին խոսել է թե՛ Տեր-Պետրոսյանի, թե՛ Քոչարյանի, թե՛ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին ու լավ է, որ հիմա էլ պնդում է իր դիրքորոշումը»,- նշում է Սուրենյանցը:
Քաղաքագետի դիտարկմամբ՝ ավելի կարևոր է այն հանգամանքը, որ Զատուլինի դիրքորոշումը, որը բարենպաստ է հայկական կողմի համար, հնչել է ռուսական առաջին հեռուստաընկերության եթերում: Քաղաքագետի գնահատմամբ՝ Զատուլինը կարևորել է նաև այն իրողությունը, որ չնայած աշխարհաքաղաքական տարբեր հարցերում ունեցած տարաձայնություններին, Մինսկի խմբի համանախագահող երկրները Ղարաբաղյան խնդրում ունեն բավականին մոտ դիրքորոշումներ:
Մտադիր չեմ տեղի տալ Ադրբեջանի ղեկավարության քմահաճույքին. Զատուլին
Սուրենյանցի դիտարկմամբ՝ ռուսական քաղաքականության կարևոր բաղադրիչը պրոպագանդան է, քարոզչական հզոր մեքենան, որի հենասյուներից մեկն էլ հենց առաջին հեռուստաալիքն է: Բնականաբար, պատահական չէ, որ ՌԴ-ն իր հիմնական հեռուստաալիքների միջոցով որոշակի քաղաքական մեսիջներ է հասցեագրում թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին:
«Ռուսաստանը գերտերություն է իր շահերով, օրակարգով ու մեսիջներով, հետևաբար, պետք չէ զարմանալ: Մեր իշխանությունները պետք է այնպես անեն, որ շատ ներդաշնակվեն մեր և Ռուսաստանի շահերը, որպեսզի ՌԴ-ի պետական կամ պետության կողմից վերահսկվող ալիքներով ավելի շատ հնչեն նման տեսակետներ, որոնք մոտ են հայկական կողմի դիրքորոշումներին»,- նշում է Սուրենյանցը:
Բաքվի հերթական հիստերիան Զատուլինին չի զարմացրել. վաղուց գիտեր, որ ադեկվատ չեն
Այդուհանդերձ, հակամարտության հանգուցալուծմանն, ըստ քաղաքագետի, մոտ չենք հիմնականում Ադրբեջանի մաքսիմալիստական մոտեցումների պատճառով: Ադրբեջանը փոխզիջումների պատրաստ չէ: