ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին առաջարկել է սկսել աշխատել լուծման հայեցակարգի վրա. որոշումը պետք է ընդունելի լինի բոլոր` երեք ժողովուրդների համար։ Այս մասին այսօր նա հայտարարեց ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Նա նշեց, որ Հայաստանի անվտանգության, ինչպես նաև երկրի և ժողովրդի ապագայի համատեքստում ղարաբաղյան հարցն առաջնահերթ է։ Փաշինյանը հավելեց, որ իր մոտեցումը հայեցակարգորեն տարբերվում է իր նախորդների դիրքորոշումներից, և ինքը բազմիցս քննադատության է ենթարկվել դրա համար։ Մասնավորապես, վարչապետն առաջարկում է հակամարտության այնպիսի կարգավորում, որը շահավետ կլինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար։
«Եթե մենք խոսում ենք կարգավորման մասին, այլ ոչ թե կողմերից մեկի հաղթանակի կամ պարտության, եթե մենք ձգտում ենք երկարատև խաղաղության և կայունության, ապա պետք է գտնել լուծում` ընդունելի երեք ժողովուրդների համար։ Եվ եթե Ադրբեջանի նախագահը հանդես գա նման հայտարարությամբ, ապա դա կնշանակի, որ մենք շանս ունենք իրական առաջխաղացում գրանցել բանակցային գործընթացում», – նշեց նա։
Եթե նորից պատերազմ սկսվի, այն չի նմանվի 1990-ականներին տեղի ունեցածին. Արմեն Դուլյան
Այդ առումով նա առաջարկել է Իլհամ Ալիևին, Արցախի նախագահին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին համաձայնել, որ պետք է աշխատել բոլոր երեք ժողովուրդների համար ընդունելի լուծման վրա։ Նա հավելեց, որ առայժմ նման տարբերակներ չկան, եթե լինեին, ապա իրավիճակն այլ կլիներ։
Լավրովն արձանագրեց Արցախի ժողովրդի իրավունքը. Փաշինյանը մեկնաբանել է ՌԴ ԱԳ նախարարի խոսքը
Փաշինյանը նաև խորհուրդ տվեց չկապել ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և այդ հարցի նկատմամբ իր վերաբերմունքը Հայաստանի նախկին նախագահներ Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին իր վերաբերմունքի հետ։