Նվազագույն աշխատավարձը կբարձրանա 13 հազար դրամով

Ազգային ժողովն ընդունեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում «Իմ քայլի» առաջարկած փոփոխությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի– Sputnik. 2020թ.–ի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը Հայաստանում կբարձրանա 13 000 դրամով` ներկայիս 55 000–ի փոխարեն դառնալով 68 000 դրամ։

Վարչապետն ամենամեծ ցանկության դեպքում էլ չէր կարող աշխատավարձ բարձրացնել. Գևորգ Պետրոսյան

Սոված չենք մնա. ՀՀ–ում նվազագույն կենսաթոշակը կբարձրանա

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում համապատասխան որոշումն այսօր ընդունվեց ԱԺ–ում` միաձայն։

Հիշեցնենք` օրինագիծը հեղինակել էին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատագամավորներ Վարազդատ Կարապետյանը, Բաբկեն Թունյանն ու Նարեկ Զեյնալյանը։

Նախագծի հեղինակները նախապես առաջարկել էին ամսական նվազագույն աշխատավարձը 55 000–ից դարձնել 63 000 դրամ, սակայն հարցը կառավարությունում քննարկելիս գործադիրն առաջարկել էր նվազագույն աշխատավարձը բարձրացնել ոչ թե 8, այլ 13 հազար դրամով` դարձնել 68 հազար դրամ:

Որքան աշխատավարձ են ստանում մարդիկ ԵԱՏՄ երկրներում

Նշենք, որ պաշտոնական տվյալներով` նվազագույն աշխատավարձի փոփոխությունը կազդի 58 000 պետական ու 130 000 մասնավոր աշխատողների վրա։ Իսկ պետբյուջեի համար դա ընդամենը 2 մլրդ դրամի հավելյալ ծախս կլինի։