Մովսես Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Մովսես Հակոբյանի երկու տեղակալները նույնպես պաշտոններ են ստացել պաշտպանության նախարարությունում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով` գեներալ-գնդապետ Մովսես Հրանտի Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մովսես Հակոբյանին ու նրա երկու տեղակալներին` Վաչագան Ներսիսյանին ու Կամո Քոչունցին պաշտոններից ազատել էր նոյեմբերի 18–ին։

«ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամաններով գեներալ-մայոր Կամո Գրիգորի Քոչունցը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, իսկ գնդապետ Վաչագան Վալերիի Ներսեսյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության գլխավոր տեսուչ»,–գրել է նա։

Հիշեցնենք` Արծրուն Հովհաննիսյանն ավելի վաղ հայտնել էր, որ գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանի և նրա 2 տեղակալների պաշտոնանկությունը կապված է Ռազմական գլխավոր տեսչությունում կառուցվածքային փոփոխությունների հետ։ Գլխավոր ռազմական տեսուչի ինստիտուտը լուծարվում է։

Իսկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ նշել էր, որ Հակոբյանի աշխատանքից ազատվելը խոսում է այն մասին, որ այդ ինստիտուտը խնդիրներ է առաջացրել, այդ պատճառով էլ վարչապետը նման որոշում է կայացրել։

Մովսես Հակոբյանի ու նրա տեղակալների ազատումները նախապատմություն են ունեցել. «Ժողովուրդ»