«Մանկական Եվրատեսիլ 2019-ի» ՀՀ պատվիրակ Կարինա Իգնատյանն արդեն Լեհաստանում է

Նոյեմբերի 24-ին կկայանա «Մանկական Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթը։ Մեր պատվիրակն արդեն մասնակցել է մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 Նոյեմբեր — Sputnik. ⁣Եվրատեսիլի հայկական պատվիրակության ղեկավարներ Անուշիկ Տեր-Ղուկասյանը, Դավիթ Ծերունյանն ու մեր պատվիրակ Կարինա Իգնատյանն արդեն Լեհաստանում են, որտեղ երեկ` նոյեմբերի 18-ին, Գլիվիցե քաղաքում մասնակցել են «Մանկական Եվրատեսիլ 2019-ի» բացման հանդիսավոր արարողությանը։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Մանկական Եվրատեսիլի instagram-ի էջից:

Կարինան ելույթ կունենա 15-րդ համարի ներքո` «Colours Of Your Dream» մրցույթային երգով:

Նշենք, որ Կարինային քաջալերելու համար նրա հետ Լեհաստան են մեկնել նաև ծնողները, քույրը և տատիկը: Համապատասխան լուսանկարը փոքրիկ երգչուհին տեղադրել է instagram-ի իր էջում:

«Ընտանիքս եկել է ինձ աջակցելու»,-գրել է նա:

Նշենք, որ օրեր առաջ Կարինան հյուրընկալվել էր Sputnik Արմենիայի տաղավարում և խոսել իր ձեռքբերումների և մրցույթից ակնկալիքների մասին:

«Այժմ հուզմունքս մեծ է, բայց կարծում եմ մրցույթի ժամանակ այն կանցնի և հաջող ելույթ կունենամ: Ես հոգեբանորեն պատրաստ եմ նաև պարտության, եթե չհաղթեմ, ուրեմն այդպես էր պետք»,-նշել էր Կարինան և շեշտել, որ իր երազանքն, անխոս,  մրցույթում հաղթանակ տոնելն է:

Հայտնի է` ով կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում

Հայաստանի պատվիրակ Կարինա Իգնատյանը մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների` «Поколение NEXT», «Голос.Дети», «Таланты России», «Детская Новая Волна 2018», «Мы- дети галактики», «#СтранаПой» և արժանացել է երրորդ, երկրորդ և առաջին կարգի մրցանակների, ինչպես նաև՝ Գրան-Պրիի:

Նշենք, որ Մանկական Եվրատեսիլ 2019-ին մասնակցում է 19 երկիր։ 2018-ին Հայաստանն այս մրցույթում ներկայացրել էր Լևոն Գալստյանը`իր «L.E.V.O.N․» երգով և զբաղեցրել էր 9-րդ հորիզոնականը։