«Արթուր Վանեցյանն է 1։9 հաշվով պարտվելու պատասխանատուն, պետք է բացատրություն տա». Մկրտչյան

ՀՖՖ գործկոմի առաջիկա նիստի օրակարգում Արթուր Վանեցյանի հրաժարականի հարցը դեռ ընգդգրկված չէ, բայց գործկոմի անդամը չի բացառում այդ տարբերակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Հայաստան–Իտալիա խաղի` 1։9 հաշվով պարտվելու թիվ մեկ պատասխանատուն ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանն է, ու նա պետք է պարտության համար բացատրություն տա։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՖՖ գործկոմի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը։

Եվրոպայի ֆուտբոլի առաջնության ընտրական մրցաշարի՝ Եվրո 2020-ի վերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականն արտագնա խաղում երեկ ուժերը չափեց Իտալիայի հավաքականի հետ և պարտվեց 1:9 հաշվով։

«Բնականաբար, խաղի համար թիվ մեկ պատասխանատուն մարզիչն է, սակայն Աբրահամ Խաշմանյանը երկու խաղ է, որ գլխավորում է հավաքականը։ Այսինքն` հիմա թիվ մեկ պատասխանատուն Արթուր Վանեցյանն է»,–ասաց նա` հավելելով, որ դա ոչ թե իր, այլ ՀՖՖ գործկոմի բոլոր անդամների կարծիքն է։

Հարցին, թե պե՞տք է հրաժարական տա Վանեցյանը, Մկրտչյանը պատասխանեց, որ դեռ նման հարց չկա իրենց օրակարգում։ Սակայն, ըստ Մկրտչյանի, ոչինչ բացառված չէ։

Երբ վերջը շատ մոտ է. ինչ է պետք Հայաստանի հավաքականին

Անդրադառնալով Աբրահամ Խաշմանյանի` ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ ընտրելուն` ՀՖՖ գործկոմի անդամը նշեց, որ միաձայն կողմ են քվեարկել նրա թեկնածությանը, քանի որ այլ տարբերակ չեն ունեցել։ «Մեկ օր ունեինք, որպեսզի հավաքականի գլխավոր մարզիչ ընտրեինք։ Այսինքն` լիներ Խաշմանյանը, թե մեկ այլ անձ, մենք միաձայն կողմ էինք քվեարկելու հանուն ազգային հավաքականի, քանի որ հակառակ դեպքում ազգային հավաքականը չէր ձևավորվի»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոյեմբերի 7–ին խորհրդարանում անդրադարձել էր Վանեցյանի դեմ հնչող մեղադրանքներին, թե նա Խաշմանյանին նշանակել է` առանց այդ հարցը գործադիր կոմիտեի հետ համաձայնեցնելու:

Արթուր Վանեցյանի հրաժարականի հարցը ՀՖՖ–ում չի քննարկվել. Արսեն Թորոսյան

Լինելով Ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ՝ Թորոսյանը դժգոհություն էր հայտնել Արթուր Վանեցյանից՝ շեշտելով, որ նրա գործողություններն իր համար անընդունելի են:

Խաշմանյանը միաձայն ընտրվեց ազգային հավաքականի մարզիչ. ինչ իրավական կազուս է եղել