Երբ վերջը շատ մոտ է. ինչ է պետք Հայաստանի հավաքականին

Իր պատմության ընթացքում Հայաստանի հավաքականը ամենախոշոր պարտությունները կրել էր 1997թ. ընկերական խաղերում՝ 0:7 հաշվով զիջելով Չիլիի ու Վրաստանի հավաքականներին: Իտալիայի հավաքականի հետ Եվրո-2020-ի ընտրական խաղը նոր տխուր էջ գրեց մեր ֆուտբոլի պատմության մեջ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Հնարավոր չէ hասկանալ ու ընդունել այն, ինչը երեկ տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հետ Պալերմոյում: Պարտվել էլ կա, պարտվել էլ:

Սեպտեմբերին Երևանում իտալացիներին պարտվեցինք 1:3 հաշվով, բայց այդ խաղից հետո ոչ մեկի լեզուն չէր պտտվի քննադատել մեր հավաքականի խաղն ու արդյունքը: Պայքարեցին` ինչքան կարողացան. 10 ֆուտբոլիստով էլ մեր հավաքականը շարունակում էր պայքարել:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մարզվում է Հունաստանի խաղից առաջ. վառ կադրեր

Ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրոպայի 2020թ-ի ընտրական J խմբում ելույթն ավարտեց 1:9 հաշվով` ջախջախիչ պարտություն կրելով Իտալիայի հավաքականից:

Ի՞նչ եղավ մեր ֆուտբոլիստներին, ինչու՞ մեր թիմը դադարեց ֆուտբոլ խաղալ, ինչու՞ չկարողացավ ոչինչ անել իտալացիների հետ մրցակցի հարկի տակ խաղում: Այս հարցերի պատասխանները պետք է հասկանալ, ընդ որում` ոչ միայն մարզիչներից ու ֆուտբոլիստներից: Սա մեր ֆուտբոլային համակարգի ձախողումն է, նույնիսկ ձախողում բառը շատ մեղմ է հնչում:

Մեկ խաղում բաց թողնել ինը գնդա՞կ: Իտալիայի հավաքականը ընտրական փուլի 10 խաղերում սեփական դարպաս ընդունել է 4 գնդակ, որոնց ուղիղ կեսը խփել է Հայաստանի հավաքականը։ Մերոնք այդքան բաց թողեցին առաջին խաղակեսում, իսկ երկրորդում` մեր թիմը պարզապես արդեն չէր կարող պայքարել: Սա, իհարկե, վերջը չէ, բայց եթե այսպես շարունակվի` վերջը շատ մոտ կլինի:

«Հայկական ֆուտբոլը գնալով ավելի է քաղաքականացվում». Արարատ Ճաղարյան

Հիմա ամբողջ մեղքը կբարդեն գլխավոր մարզչի վրա: Այդպես չէ. միայն մարզիչը չէ, որ պատասխանատու է ազգային թիմի ելույթների համար, առավելևս այն մարզիչը, որը հավաքականի ֆուտբոլիստների հետ մարզման ընթացքում հանդիպել է խաղից վեց օր առաջ: Պարզ է, որ հինգ պաշտպաններով խաղը մեր հավաքականի ֆուտբոլիստների համար նորություն էր, և, միգուցե, այս գործոնն էլ իր դերակատարումն ունեցավ պարտության մեջ: Բացակայում էին մի քանի ֆուտբոլիստներ: Հիմա ինչ էլ ասենք`ուղղակի արդարացում է: Ֆուտբոլում փաստը խաղից հետո լուսատախտակն է: Իսկ իտալացի լրագրողները խաղից հետո հայտարարում էին, որ լուսատախտակի վրա տեղ չկար աչքի ընկած ֆուտբոլիստների ազգանունները գրելու համար:

Խմել է և մատ ցույց տվել. Հայաստան–Հունաստան խաղի ժամանակ սկսված ծեծկռտուքի մանրամասները

Իտալիա-Հայաստան խաղն ամբողջությամբ արտացոլեց Հայաստանի բարձրագույն խմբի մակարդակը, միանգամից հասկացրեց, որ Հայաստանին հայ ֆուտբոլիստներ են պետք: Բացի ազգային հավաքականից, նոյեմբերին պարտությամբ «աչքի են ընկել» մեր մինչև 17, 19 և 21 տարեկան ֆուտբոլիստների հավաքականները: Բոլոր տարիքային խմբերում էլ գրանցվել են միայն պարտություններ` հիմնականում խոշոր հաշիվներով:

Ի՞նչ է տեղի ունեցել Հայաստան–Իտալիա ֆուտբոլային խաղից առաջ. տեսանյութ

Ահա և այս` առաջին հայացքից մանր թվացող պատճառները, գումարվելով դառնում են մեծ խնդիր, ու, արդեն, մեծերի խաղում էլ չկա կայծ, և չի լինի, բնականաբար, նաև կրակ:

2009 թվականին Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթանակի հասավ Բելգիայի ընտրանու նկատմամբ: Հիմա Բելգիայի թիմը գլխավորում է համաշխարհային ֆուտբոլի վարկանիշային աղյուսակը, իսկ մենք հաստատուն քայլերով նահանջում ենք: Ժամանակն է գտնել սրընթաց վայրէջքի պատճառներն ու շարժվել առաջ, թեկուզ` հենց նույն Բելգիայի օրինակով: