«Փոքրիկ Հայաստան»` Հորդանանում. Լապշինը հայկական թաղամասից լուսանկար է հրապարակել

Ալեքսանդր Լապշինը պատմել է Սուրբ Թադևոս հայկական եկեղեցու մասին. նա նշել է, որ այն շատ ջերմ և հանգիստ վայր է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Բլոգեր Ալեքսանդր Լապշինը Հորդանանում «Փոքր Հայաստան» է հայտնաբերել. նա Facebook–ի իր էջում Ամմանի հայկական թաղամասից լուսանկար է հրապարակել։

«Քանիցս եղել եմ Հորդանանի մայրաքաղաք Ամմանում, բայց միայն հիմա հասա Ջեբել Ալ Աշրաֆիա կոչվող թաղամաս, որը տեղակայված է քաղաքի արևելյան հատվածում։ Այստեղ հայկական քրիստոնյա համայնք կա, որն իր մեծությամբ երկրորդն է  Հորդանանում», – գրել է Լապշինը։

Հայկական համայնքում այսօր շուրջ հինգ հազար հայ կա, և նրանց մեծամասնությունը 1915 թվականի Ցեղասպանության ժամանակ Օսմանյան կայսրությունից մազապուրծ եղած հայերի սերունդներն են։ Բլոգերը նշում է, որ նրանք անցել են Սիրիայով և այստեղ հաստատվել։

«Փոքրիկ Հայաստան»` Հորդանանում. Լապշինը հայկական թաղամասից լուսանկար է հրապարակել

«Հայ ներգաղթյալների նոր ալիքը Հորդանան եկավ 1948 թվականին` արաբա–իսրայելական առաջին պատերազմից հետո։ Արդյունքում համայնքում ավելի քան 10 000 մարդ կար։  Սակայն 70-ականներից հայերը սկսեցին ակտիվ մեկնել ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, որի հետևանքով համայնքում մարդկանց թիվը կրկնակի նվազեց», – նշվում է հրապարակման մեջ։

Սակայն, Լապշինի խոսքով, նրանք, ովքեր մնացել են, պահպանում են իրենց ժառանգությունն ու ավանդույթները։ Թաղամասում հայկական ազգային դպրոց, մանկապարտեզ, փուռ և ռեստորան կա, որտեղ ավանդական լահմաջո են վաճառում և այն «հայկական պիցցա» անվանում։

«Փոքրիկ Հայաստան»` Հորդանանում. Լապշինը հայկական թաղամասից լուսանկար է հրապարակել

«Եվ, իհարկե, համայնքի կենտրոնը` Սուրբ Թադևոս եկեղեցին։ Այստեղ ավարտին են մոտենում վերականգնման աշխատանքները։ Երկուշաբթի եկեղեցի եկողները կտեսնեն իրենց վանքի նոր տեսքը։ Ջերմ և հանգիստ վայր է, ասեմ ձեզ։ Թաղամասն էլ... հաճելի լռությամբ է դիմավորում, անկախ նրանից, որ գտնվում է Ամմանի հին մասից ոչ այնքան հեռու, որտեղ աղմկոտ է և մարդկանց բազմությունը նեղ փողոցներով դեպի շուկա է շտապում։ Իսկ գիշերն այստեղ գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Հորդանանի մայրաքաղաք», – պատմում է բլոգերը։

Հայաստանի ռեստորանները լավագույնն են ԱՊՀ–ում. Լապշինը գիտի` ինչպես գրավել զբոսաշրջիկներին

Նրա խոսքով` Հորդանանի հայերը միայն մայրաքաղաքում չեն բնակվում. փոքր համայնք կա նաև Մադաբայում և Իրբիդում, ևս մի քանի ընտանիք ապրում է Աջլուն և Ջերաշ քաղաքներում։