Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Հերմինե Նաղդալյանի որդուն

ՀՀ վարչապետը հերթական որոշումն է ստորագրել և պաշտոնից ազատել Հրանտ Աբաջյանին, որի պաշտոնավորման ժամկետը լրանալու էր հաջորդ տարվա ապրիլին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հրանտ Աբաջյանին ազատել Է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի պաշտոնից։ Այս մասին նշված է վարչապետի պաշտոնական կայքում։

«Կառավարության, քաղաքացիների ոտքերից կախվել և ճահիճի մեջ քաշել չի ստացվի». Փաշինյան

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 10-րդ կետը` Հրանտ Աբաջյանին ազատել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի պաշտոնից»,– գրված է որոշման տեքստում։

Փաշինյանը փաստաթուղթը ստորագրել է այսօր` նոյեմբերի 18–ին։ Նշենք, որ Հրանտ Աբաջյանը ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի որդին է։ Նա այդ պաշտոնում էր նշանակվել 3 տարի ժամկետով 2017 թվականի ապրիլի 5-ին նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ։ 

«Ատկատի մտադրություն ունեցող պաշտոնյաները դատվելու են». Փաշինյան