ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Տեղեկությունն այն մասին, որ Մոսկվայում սպանված Աշոտ Բոլյանը հայտնի մարզիկ է, թաիլանդական բռնցքամարտի չեմպիոն, իրականությանը չի համապատասխանում։ Ռուսաստանի քիքբոքսինգի ֆեդերացիայի նախագահ Վադիմ Ուկրաինցևն այս մասին ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Նոյեմբերի 13-ի երեկոյան 40-ամյա Աշոտ Բոլյանին սպանել էին Մոսկվայի հարավ–արևմուտքում։ Ռուսական ԶԼՄ–ների հրապարակումների համաձայն` Բոլյանը տիտղոսակիր մարզիկ է, WPKA վարկածով թաիլանդական բռնցքամարտի աշխարհի առաջնության հաղթող, IPMTF վարկածով թաիլանդական բռնցքամարտի աշխարհի չեմպիոն և աշխարհի գավաթակիր, ինչպես նաև WPKA վարկածով Ասիայի գավաթի հաղթող։ Հայտնում էին, որ նաև նաև այլ միջազգային մրցաշարերի 17-ակի չեմպիոն է։
Ուկրաինցևի խոսքով` քիքբոքսինգի կամ թաիլանդական բռնցքամարտի աշխարհում ոչ ոք երբեք չի լսել և չգիտի Աշոտ Բոլյան անուն–ազգանունով մարզիկի մասին։
Ուկրաինցևը պարզաբանեց, որ WPKA–ն քիքբոքսինգի ֆեդերացիան է։ Այդ պատճառով անհնար է WPKA վարկածով թաիլանդական բռնցքամարտի չեմպիոն դառնալ։ Ավելին` WPKA–ն «մեկ մարդու կազմակերպություն է»։
«Այնտեղ մասնակիցներ գրեթե չկան։ Այդ կազմակերպության մասին ինչ–որ մեկը խոսել է, բայց այն, որպես այդպիսին, չկա», – ասաց նա։
Ուկրաինցևն ավելացրեց, որ Հայաստանն ունի քիքբոքսինգի ֆեդերացիա, բայց Հայաստանի հավաքականը վաղուց արդեն չի մասնակցում միջազգային մրցումներին։
«Արդեն 10 տարի է` ես որևէ մրցումների ժամանակ Հայաստանի հավաքականին չեմ տեսել։ Թեև այն կա։ Այնտեղ կա նախագահ, սակայն նրանք որևէ տեղ չեն երևում։ Նրանք մի անգամ ժամանել էին Աշխարհի գավաթին...», – պատմեց ՌԴ քիքբոքսինգի ֆեդերացիայի նախագահը։
Հիշեցնենք, որ Բոլյանի դին հայտնաբերվել է Նախիմովսկի պողոտայի տան մերձակայքում։ Վարկած կա, որ անհայտ անձը կրակել է Բոլյանի գլխին, երբ նա մոտեցել է իր Infiniti մակնիշի ավտոմեքենային։ Այնուհետև չարագործը փախել է դեպքի վայրից։ Սպանության փաստով քրեական գործ է հարուցվել։
Մոսկվայում սպանված Աշոտ Բոլյանը Մասիվցի Անդիկի սպանության հետ կապ չունի