ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Գյումրու նոր մաքսատանն օրական 1000-1200 մեքենայի հոսք է սպասվում։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
«Մենք նոյեմբերի վերջին կհայտարարենք, որ ավտոմաքսատան գործառույթն ամբողջությամբ տեղափոխվում է Գյումրի այն ավտոմեքենաների համար, որոնք հյուսիսային սահմանակետերով են ներմուծվում Հայաստան, այսինքն` Բավրա, Գոգավան, Բագրատաշեն մաքսակետերից ներկրվող ավտոմեքենաները»,– ասաց Անանյանը։
Մինչ օրս Գյումրի էին ուղղորդվում այն մեքենաները, որոնք կարողանում են ինքնուրույն տեղաշարժվել։ Այսօրվանից, ըստ Անանյանի, Գյումրի կուղևորվեն նաև ավտոկրող տրեյլերով տեղափոխվող ավտոմեքենաները, իսկ մինչև դեկտեմբերի սկիզբ` նաև բեռնարկղերով ներկրվող մեքենաները։ Մինչև դեկտեմբերի սկիզբ ավտոմաքսատան գործառույթն ամբողջությամբ տեղափոխված կլինի նոր ավտոմաքսատուն։
Նորագավիթի մաքսատունը մինչև տարեվերջ դեռ կշարունակի գործել։ ՊԵկ նախագահը հույս ունի, որ Երևանում ավտոմաքսազերծման կուտակումները մինչև տարեվերջ կվերանան։
Գյումրիի ավտոմաքսատան պաշտոնական բացումն, ի դեպ, նախանշված է այսօր, օրվա երկրորդ կեսին։
Ինչ եղավ Գյումրու մաքսատունը. Անանյանի հաշիվները խառնել են շինարարները
Մինչ այժմ ավտոմեքենաների մաքսազերծումը ժամանակավորապես իրականացվում էր Գյումրիում գործող հյուսիսային մաքսային վարչության տարածքում` մինչև Թբիլիսյան խճուղու վրա գտնվող նոր մաքսատան բացումը։
«Կուտակումներն ավելի շատ կապված էին «Արարատ» բանկի հետ կապված, քանի որ մասնաճյուղը մեկն էր ու ֆիզիկական ծավալների առումով հերթեր էին գոյանում։ Մեր քաղաքացիները նաև նոր բիզնես էին մտածել` իրենց հնարամտությունը կիրառելով։ Մեքենաներով գալիս էին, համարները հանում էին, գիշերը հերթ էին կանգնում, առավոտյան վաճառում էին իրենց հերթն այլ անձանց։ Մենք ժամանակին ահազանգեցինք ոստիկանություն։ Ոստիկանությունը շատ արագ կարգավորեց հարցն ու հիմա նման բան այլևս չկա»,– ասաց Անանյանը։
Հիշեցնենք՝ Գյումրիում ավտոմաքսատուն կառուցելու որոշումը կառավարությունը կայացրել էր 2019թ.–ի օգոստոսի 1-ին։ Ծրագիրը հիմնավորվում էր նրանով, որ մաքսային մարմինները չէին հասցնում սպասարկել Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների աննախադեպ ծավալները։
Ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը Գյումրիում կազմակերպելու առաջարկն արել էր ՀՀ վարչապետը` Արարատյան մաքսատուն այցելության ընթացքում։
Գումարի վատնո՞ւմ, թե՞ անհրաժեշտություն. ինչ հարց է լուծելու Գյումրի տարած մաքսատունը
Սեպտեմբերի 19-ին կառավարության նիստում Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ շինարարությունն իրականցվում է ժամկետներին համապատասխան և մաքսատունը շահագործման կհանձնվի հոկտեմբերի 11-ին։
Իսկ հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը Անանյանը խոստովանեց, որ մաքսատան շինարարությունը կավարտվի միայն նեյեմբերի սկզբին, և որ շինարարական աշխատանքները տարվում են 24-ժամյա ռեժիմով։
Գյումրիում մաքսատան ամբողջական շահագործումից հետո Երևանում գործող Արարատյան մաքսատունը կդադարի գործել։
Այժմ Երևանի մաքսատունն իրականացնում է մաքսային ձևակերպումների ամբողջ ծավալի շուրջ 80 տոկոսը։