Այնպես է ստացվել, որ հայերից ոմանք սիրում են երեխաներին արտառոց անուններ տալ։ Այդ կապակցությամբ մի ուշագրավ պատմություն կպատմեմ, որն իրականում է եղել։
Հայկական հարսանիքներից մեկի ժամանակ հարսնացուի հարազատները ծանոթանում են փեսայի ազգականների հետ։ Տղամարդկանցից մեկը սեղմում է մյուսի ձեռքը և ներկայանում՝ Պուշկին։ Դիմացինն էլ ի պատասխան ասում է՝ Դանտես։ Պուշկինի վիրավորված ինքնասիրությունը հատուցում է պահանջում․ երիտասարդին թվում է, որ իր անունը ծաղրում են (այո, Պուշկինն այս դեպքում ոչ թե ազգանուն է, այլ անուն)։ Բայց ողջախոհությունը հաղթում է զգացմունքներին, և տղամարդիկ պայմանավորվում են չվիճել խնջույքի ժամանակ, այլ հանդիպել մի քանի օրից․․․
Յուրաքանչյուրը գնում է «մենամարտին» իր շքախմբի հետ (մեկ կամ երկու մարտավկան քիչ է)։
«Ինչո՞ւ վիրավորեցիր ինձ», - վրդովված ասում է Պուշկինը։ Նրա ընդդիմախոսը հանում է անձնագիրը և ժպիտով ասում․ «Իմ մտքով չի էլ անցել վիրավորել քեզ։ Իմ անունն իսկապես Դանտես է»։
Մինչ Պուշկինն ապշած նայում է փաստաթղթին, Դանտեսն ավելացնում է, որ N ռեստորանում արդեն սեղան է գցված։ Նա հավաքվածներին հրավիրում է ուտել-խմելու (բարեբախտաբար, հայ Դանտեսը արյունարբու չէր)․․․
Ի՞նչ է ասում քո անունը
Այս բացառիկ և զավեշտալի պատմությունից բացի, հետաքրքիր է նաև մեկ այլ բան։ Դե, Պուշկին անունը շատ թե քիչ հասկանալի է, բայց ինչո՞ւ են երկու մեծահասակ մարդիկ որոշել իրենց որդուն կոչել մեծ բանաստեղծին սպանողի անունով։
Հայ ծնողների մտքի թռիչքը հասկանալու համար երեխաներին անուն տալու մի քանի օրինակ բերենք` Սարկոզի (Ֆրանսիայի հենց այդ նախագահի օրոք ընդունվեց Հայոց ցեղասպանությունը հերքելը քրեականացնելու մասին օրենքը), Պուտին, Ֆրուժետա (հավանաբար աղջկա հայրը կարդացել է Ուրբանի «Շոմոե և Ֆրուժետա» հեքիաթը), Ժյուլվեռն, իսկ 2001թ-ին Հայաստանի գյուղերից մեկում նորածին երկվորյակներին կոչեցին Ժակ և Շիրակ՝ Ֆրանսիայի նախագահի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձև ընդունելու պատվին։
Հայերի շարքում շատ հայտնի են նաև Շեքսպիրի հերոսների անունները` Համլետ, Օֆելյա, Ջուլիետա, Ֆերդինանդ։ Կան նաև հին հայկական անուններ, որոնք արդի են բոլոր ժամանակներում․ Անի, Գայանե, Անահիտ, Հռիփսիմե, Աստղիկ, Սաթենիկ, Արփի, Տաթևիկ, Նարինե, Արևիկ, Նունե, Մարիամ, Հայկ, Արմեն, Գոռ, Տիգրան, Գագիկ, Դավիթ, Արամ, Սարգիս, Աշոտ, Հովհաննես, Արսեն, Արթուր, Նարեկ և այլն։
Անկախության տարիներին շատ տարածված են դարձել եվրոպական ծագում ունեցող անունները․ Միլենա, Մերի, Անգելինա, Արիանա, Վիկտորյա, Նատալի, Սոֆի, Յանա, Էլեն, Էմիլի, Ադրիանա, Մոնիկա, Ալեքս, Մարկ, Էրիկ․․․
Մոռացված անուններ
Թեև հայկական անունների մեծամասնությունը դարեր շարունակ չի կորցնում իր արդիականությունը, բայց դրանցից շատերը գրեթե մոռացվել են։ Շատ ժողովուրդների նման հայերի հատուկ անունները հիմնականում ծագում են հասարակ անուններից։ Այսպես, Հրաչյա նշանակում է «հուր աչքեր», Զորայր՝ «զորեղ այր», Նաիրա՝ «ազատ», Սաթենիկ՝ «իսկական եղնիկ»։ Հիմնականում անունները նշանակում են ուժ, գեղեցկություն, նրբություն։
Տղամարդկանց անուններից այսօր հազվադեպ կարելի է հանդիպել Աբիգ (գովերգող), Արիստակես (սուրբ պաշտպան), Արգամ (նա արժանի է), Բաղիշ (երջանկությունից արբած), Բարունակ (ճյուղ, ոստ), Բագրամ (սիրո երջանկություն), Վասակ (աչքի լույս), Գարսևան (կրակապաշտ), Կամարի (սուրբ սեր), Պարունակ (Աստծո մասնիկ), Պատվական (պատիվ), Սաղաթել (հզորության նշան), Սանթուր (սրբազան լույս) և այլ անուններ։
Ինչ վերաբերում է կանանց անուններին, որոնք վաղուց դուրս են եկել գործածությունից, ապա դրանք են՝ Սաթե (իրական), Անանուխ, Ապրեշում (նրբագեղություն, քնքշություն), Ասանեթ (դժբախտություն․ այս անունը դրել են, երբ երեխայի ծնունդի ժամանակ մայրը մահացել է), Արամուհի (Արամի դուստր), Գեղավարս (գեղեցիկ վարսերով), Թուխծամ (մուգ վարսերով), Խոնարհ, Խասիկ (գեղեցիկ աղջիկ), Ծիածան և այլն։
Հնում կանանց անուններն առաջացել են նաև հոր անվանը «դուխտ» բառն ավելացնելով, որը պարսկերենից թարգմանաբար նշանակում է «դուստր»։ Օրինակ` Խոսրովդուխտ, Որմիզդուխտ, Զարմանդուխտ։ Այսօր գրեթե անհնար է հանդիպել նման անուններով հայերի։
Ինչպես ցույց են տալիս այս ոլորտի վերջին ուսումնասիրությունները, այսօր Հայաստանում նորածինների ամենատարածված անուններն են Նարեն և Դավիթը։
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2018թ-ին Նարե անունով են կոչել 658 աղջկա, Դավիթ անունով՝ 1404 տղայի։
Աղջիկների ամենատարածված անուններն են Մարիան, Մանեն, Մարին, Արփին, Մարիամը, Էլենը, Անահիտը, Միլենան, Եվան, տղաներինը՝ Նարեկը, Հայկը, Տիգրանը, Մարկը, Ալեքսը, Արենը, Արթուրը, Գոռը, Սամվելը։