Սահմռկեցուցիչ դեպք Նոր Հաճնում. տանը հայտնաբերվել են տատի ու 4 թոռների դիերը

Ըստ նախնական տեղեկությունների` նրանք մահացել են խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 Նոյեմբեր - Sputnik. Այսօր՝ նոյեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:  Ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Աբովյանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր-Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարան, որտեղ հայտնաբերել են 5 քաղաքացու դի: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Ողբերգական դեպք Աբովյանում. երկու զոհ շմոլ գազի հետևանքով

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են այդ տան բնակիչներ` 77-ամյա Ժաննա Սիմոնյանի, 16-ամյա Էդուարդ Մ.-ի, 12-ամյա Սերինե Մ.-ի, 15-ամյա Տիգրան Ս.-ի և 14-ամյա Ժաննա Մ.-ի դիերը:

Ըստ նախնական տեղեկությունների` նրանք մահացել են խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազից:

Շմոլ գազից Երևանում թունավորվել է 6 երեխա

Կայքի տեղեկություններով` մահացած բոլոր երեխաները Ժ. Սիմոնյանի թոռնիկներն էին: Մահացածներից երկուսը հայտնաբերվել են լոգարանում, 3-ը՝ ննջարանում: Երեխաների հայրն ու մայրն էլ բնակվում են Ուկրաինայում, սակայն ամուսնալուծված են, իսկ երեխաների հոգսը միշտ հոգացել են տատիկը և Հայաստանում գտնվող հորեղբայրը:

ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը Sputnik Արմենիային ասաց, որ փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 279 հոդվածի (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակների դատաբժշկական: