ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. Կատվասեր հայերի շարքում հայտնի «Իմ կատուն» ֆեյսբուքյան խմբում վերջին շրջանում շատացել են մասնակիցներից մեկի կատվի մասին մեմերը։
Օգտատերերը տարօրինակ նմանություն են գտել Քիմ անունով կատվի և աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի միջև։ Նրանք հրապարակում են ֆոտոկոլաժներ, որոնցում երկու Քիմերը նույն կեցվածքն են ընդունում լուսանկարչական սարքի առաջ։ Այդ նույն լուսանկարները հրապարակվում են նաև Instagram-ում։
Պարզվում է` կատվին իրականում անվանել են Քիմ Քարդաշյանի պատվին։ Չորքոտանի Քիմի տերը մասնագիտությամբ վարսավիր-դիմահարդար 37-ամյա Սերգեյ Սահակյանն է։ Նա ծնվել է Հայաստանում, բայց արդեն երկար ժամանակ ապրում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ Հենց Վիեննայում է 2017թ-ի մարտի 8-ին ծնվել շոտլանդական կախականջ Քիմ կատուն։
«Իմ ավագ կատուն՝ Ջիոն, իրեն շատ մենակ էր զգում տանը, քանի որ ես օրվա մեծ մասն աշխատում էի և մենակ թողնում նրան։ Եվ մի անգամ որոշեցի, որ Ջիոյին ընկերուհի է պետք, և Facebook-ով գտա այդ ժամանակ դեռ անանուն Քիմին։ Նա այնպիսի խորաթափանց դարչնագույն աչքեր ուներ, որ ես միանգամից Քիմ անվանեցի նրան՝ ի պատիվ Քարդաշյանի», - պատմում է Սերգեյը։
Կատուն երկու ամսական է եղել, երբ Սերգեյը «որդեգրել» է նրան։ Թե՛ նախկին տերերը, թե՛ Սերգեյը համոզված են եղել, որ նա էգ է։ Որոշ ժամանակ անց պարզ է դարձել, որ Քիմն իրականում արու է։
«Մի վախեցի՛ր, քեզ էլ կտամ». փոքրիկն ու կատուն միասին բուլկի են ուտում
«Ես կատվին արդեն «Քիմ Սահակյան» անունով անձնագիր էի հանել և չէի ուզում փոխել անունը։ Ինձ այդ ժամանակ Հայաստանից հուշեցին, որ Քիմը կարող է նաև տղամարդու անուն լինել․ տաղանդավոր խորհրդային դերասան է եղել՝ Կիմ Երիցյանը։ Այնպես որ ես պահեցի այդ անունը», - ասում է Սերգեյը։
«Իմ կատուն» խմբում մեմեր են հրապարակվում ոչ միայն Քիմի մասին, այլ նաև Ջիոյի։ Սև գույնի պատճառով նա հիշեցնում է Քիմ Քարդաշյանի ամուսնուն՝ ռեփեր Քանյե Ուեսթին։
«Իմ կատուն» խումբն արդեն երկու տարվա պատմություն ունի և ավելի քան 8000 բաժանորդ, որոնք պարբերաբար հրապարակում են իրենց սիրելի կենդանիների լուսանկարներն ու տեսանյութերը։
Կոմպոզիտոր կատուն երաժշտություն է հորինել և դարձել համացանցի աստղ. տեսանյութ