Ռուսական «Առաջին ալիքով» ցուցադրվող «Ձայնը» երաժշտական շոուի ութերորդ եթերաշրջանի երեկվա թողարկումն ավելի քան հաջող էր հայաստանցի երգիչ Վրեժ Կիրակոսյանի համար։ Կույր լսումների ժամանակ նա երգել է «Miserere» ստեղծագործությունը՝ Սաղմոսարանի 50 սաղմոսների հիման վրա։ Երգի վերջում ժյուրիի անդամներից մեկը՝ կոմպոզիտոր Կոնստանտին Մելաձեն, որոշել է Կիրակոսյանին վերցնել իր թիմ։
«Ես զգում էի, որ դուք կշրջվեք», - ասել է Կիրակոսյանն իր ապագա մարզչին։ Մելաձեն հատկապես նշել է հայ մասնակցի հաղթելու կամքը։
«Ես իսկույն բացատրեմ, թե ինչու շրջվեցի։ Դուք չհանձնվեցիք։ Երևում էր, որ դուք չեք հանձնվում։ Շատ կատարողներ այս փուլում սկսում են «թթվել», տեսնում են, որ չեն շրջվում, որ այլևս շանս չկա, ու սկսում են ավելի վատ երգել։ Դուք մինչև վերջ պայքարեցիք։ Վերջին նոտան խոսում է ձեր բնածին լավատեսության և բնավորության մասին, որը պետք է պահպանել և ողջունել, ինչն էլ ես արեցի։ Շնորհավորում եմ», - ասել է Մելաձեն։
Իսկ Վրեժ Կիրակոսյանը մոտեցել է ժյուրիի անդամներին շնորհակալություն հայտնելու, Մելաձեն գրկել է նրան և ասել․ «Կեցցես, սիրուն տղա»։
Բառերն ավելորդ են․ արցախցի Միշան «Ձայնի» հանդիսատեսին ստիպեց ոտքի կանգնել. տեսանյութ
Հաղորդավար Դմիտրի Նագիևը համաձայնել է Մելաձեի գնահատականի հետ․ «Նա ճիշտ է, դու մինչև վերջ պայքարեցիր։ Շնորհավորում եմ։ Դու նախագծում ես։ Նայելով քո արտաքինին՝ հասկանում եմ, որ դու այդքան էլ չես սիրում աշխատել, բայց այստեղ ստիպված կլինես»։
Մելաձեն գործընկերներին կատակով ասել է, քանի որ իր թիմում մեծամասամբ աղջիկներ են, ապա կինը ուրախ կլինի նման ընտրության համար։
Հայ տղան գերմանական «Ձայն» շոուի եզրափակիչ փուլում հանդիսատեսին ստիպել է արտասվել
Նշենք, որ շոուի ութերորդ եթերաշրջանի վերջին թողարկման ժամանակ ամփոփվել է կույր լսումների փուլը։
Թիմերում ընդհանուր առմամբ ներառվել են 12 կատարող։ Կոնստանտին Մելաձեն հավաքել է առավելապես աղջիկների։ Վրեժի հետ միասին նրա թիմում են հայտնվել Ելիզավետա Շալուբան, Պոլինա Տիրինան և Ռենատա Շտիֆելը, Նատալյա Սիդորցովան, Ռոման Վոլոզնևը։
Մեծատառով տաղանդ. «Ձայնը» շոուի մասնակից Ռոբերտ Բագրատյանի էներգետիկան գերեց բոլորին