ՌԱԴԻՈ

Բաբայան. «Իմ դեմ քրեական գործ հարուցելու նպատակն ի սկզբանե քաղաքական էր»

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է իր դեմ հարուցված քրեական գործի հանգամանքներին։
Sputnik
Բաբայան. «Իմ դեմ քրեական գործ հարուցելու նպատակն ի սկզբանե քաղաքական էր»

Պաշտպանների կողմից Վերաքաննիչ դատարան ներկայացված բողոքն արդեն ընդունվել է վարույթ և նշանակվել դատական նիստ: Անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործի հանգամանքներին, այս մասին Sputnik Արմենիային ասաց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։

Քաղաքական որոշմամբ ինձ տարան, փակեցին, քաղաքական որոշմամբ ազատ արձակեցին. Արսեն Բաբայան

Բաբայանն ակնկալում է արդարադատություն և շարունակում է պնդել, որ ինքը քաղբանտարկյալ է և նույնիսկ պատանդ։ Ըստ նրա` վերջին իրադարձությունները դրա վառ վկայությունն են: Իր դեմ քրեական գործ հարուցելու նպատակը նա ի սկզբանե համարում է քաղաքական, քանի որ պետք  էր որևէ ճանապարհով հասնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցմանը, հետևաբար, ընթացքում տեղի ունեցած բոլոր գործողություններն ապօրինի էին: 

Ի՞նչ գործունեություն կծավալի Արսեն Բաբայանը և հանուն ինչի՞. նա խոսեց ապագա պլաններից

Անդրադառնալով այն հարցին, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվել և չի կարող համարվել քաղբանտարկյալ՝ Բաբայանը նման տեսակետը համարում է ծիծաղելի, որովհետև քաղաքական հետապնդումների ենթարկվելու համար պարտադիր չէ, որ անձը լինի քաղաքական գործիչ կամ զբաղվի քաղաքականությամբ:

«Եթե գործընթացներն իրավական չեն, ապա ինչպիսի՞ն պետք է լինեն, եթե ոչ քաղաքական: Եթե գործընթացներում մեջբերվում է օրենքի որևէ դրույթ, ապա դա դեռ չի նշանակում, որ գործընթացն իրավական է: Երբ դիտարկում ենք այն հարցը, թե արդյո՞ք նման դրույթները պետք է լինեին գործընթացում` հասկանում ենք, որ իրավական գործընթացի շղարշի տակ թաքնվելով՝ իրականացվում է լուրջ քաղաքական հետապնդում»,-նշում է Արսեն Բաբայանը: 

Համաներման մասին օրենքը պարզապես արգելում է նախաքննություն իրականացնող մարմնին հարուցել քրեական գործ 314-րդ (պաշտոնեական կեղծիք) հոդվածով: Այդուհանդերձ, գործի շրջանակներում համաներումն այն գործիքը չէ, որից ցանկացել է օգտվել Բաբայանը: Ընդհանրապես, նման հարց էլ չի եղել: Ձերբակալությունը նույնպես նա համարում է ապօրինի, որովհետև հիմքում դրել էին նախաքննությունից թաքնվելը, մինչդեռ ինքը քննիչի հեռախոսազանգից հետո ներկայացել էր նախաքննության մարմին:

Արսեն Բաբայանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է. պահանջում են ազատ արձակել նրան

Հիշեցնենք, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ի երեկոյան` պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով։

Վարոսյան. «Իսկ Արսեն Բաբայանին հարցրե՞լ են` ուզու՞մ է իրեն համաներում շնորհեն, թե՞ ոչ»

Ավելի ուշ նրան մեկ այլ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելուն օժանդակել)։

Հոկտեմբերի 24-ին Բաբայանը կալանավորվել էր։ Հատուկ քննչական ծառայության պաշտոնական հիմնավորման համաձայն` պաշտոնական անձինք, որոնց թվում է նաև Բաբայանը, ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի` լիազորությունները վայր դնելու գործընթացում կատարել են պաշտոնեական կեղծիքներ։