Ո՞ր թիմին են երկրպագելու հայաստանցի հույները. Շարմազանովը կատարել է իր ընտրությունը

Հայաստանի հունական համայնքի ներկայացուցիչները Հայաստան–Հունաստան խաղից առաջ ասել են, թե որ հավաքականին են երկրպագելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Այսօր երեկոյան Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Եվրո-2020 ընտրական փուլի շրջանակում կկայանա Հայաստան–Հունաստան խաղը։ Խաղի արդյունքների վերաբերյալ կանխատեսումները հակասական են։ Սակայն մի բան ակնհայտ է` Հայաստանին միայն հաղթանակ է պետք։

Հայաստանի հունական համայնքի ներկայացուցիչները Հայաստան–Հունաստան խաղից առաջ Sputnik Արմենիային ասել են, թե որ հավաքականին են երկրպագելու։

Առանց Հենոյի. ինչպես են մարզվում մեր ֆուտբոլիստները «վերջին հույսի» խաղից առաջ. տեսանյութ

«Միշտ երկրպագել եմ և երկրպագելու եմ Հայաստանի հավաքականին` իմ սրտի հավաքականին, – ասաց հունական արմատներ ունեցող, ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։  Իսկ Հունաստանի հավաքականին հաջողություն եմ մաղթում և հաղթանակ բոլոր խաղերում, բացի այսօրվա խաղից»։

Օլիմպիական խաղերի առաջին չեմպիոնը խոհարար էր. էլ ինչ չգիտենք Հունաստանի մասին

Հայաստանի հունական համայնքների միության նախագահ, հույն Մարիա Լազարևան անմիջապես և հստակ պատասխանեց հարցին.

«Իհարկե, երկրպագելու եմ Հունաստանին։ Մեր համայնքից շուրջ 40 մարդ կգնա մարզադաշտ և խաղին կհետևի հունական տրիբունայից։ Մեր ձեռքերում Հունաստանի դրոշներ կլինեն։ Սակայն մեր ընկերներից շատերը խաղը դիտելու են հայկական տրիբունայից»։

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մարզվում է Հունաստանի խաղից առաջ. վառ կադրեր

Լազարևան նաև ավելացրեց, որ Հայաստանում Հունաստանի դեսպանատան ներկայացուցիչներն անպայման ներկա կգտնվեն խաղին։

Մարզական լրագրող Ռոբերտ Մարկոսյանը, որի երակներով նաև հույնի արյուն է հոսում, ասաց. «Շատ դժվար է պատասխանել, թե ում եմ երկրպագելու։ Իհարկե, Հայաստանին հաղթանակն ավելի շատ է պետք, այնպես որ այդ տեսանկյունից, հավանաբար, ամեն դեպքում կերկրպագեմ Հայաստանին։ Քանի որ ես լրագրող եմ, խաղը դիտելու եմ լրագրողների տրիբունայից, հայկական եռագույնը և հունական խորհրդանիշը պատկերող շարֆով», – ասաց Ռոբերտը։

Հայաստանում այսօր պաշտոնական տվյալներով շուրջ 2000 հույն է ապրում։ Առավել մեծ հունական համայնքները գտնվում են Երևանում, ինչպես նաև Տավուշի և Լոռու մարզերում։ Հայաստանում բնակվող հույների մեծամասնությունը պոնտացի հույների սերունդներ են, որոնք ի սկզբանե ապրել են Սև ծովի ափին։

Մխիթարյանը չկա, ո՞վ է հանդես գալու ավագի թևկապով. Խաշմանյանը ամփոփել է մարզումները