«Մեզ ասում են` գետինը մտնեք դուք, ֆիսկալ կանոնները խախտում եք». Փաշինյան

ՀՀ վարչապետն Ազգային ժողովում ընդդիմությանը մեղադրել է «տերմինախեղդ» անելու, ուղիղ չխոսելու ու դրական փոփոխությունները չնկատելու մեջ։ 
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. 2020թ.–ի հունվարի 1-ից 230 000 մարդու աշխատավարձ բարձրանալու է։  Այսօր այս մասին ԱԺ ամբիոնից 2020թ.-ի բյուջեի նախագծի վերաբերյալ եզրափակիչ խոսքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հիշեցնելով, որ աշխատավարձերի բարձրացումը տեղի է ունենալու հունվարի 1-ից ուժի մեջ մտնող հարկային փոփոխությունների արդյունքում։

«Եթե մենք այսօր հաշվենք, թե 2018թ.–ի հուլիսի 1-ից ՀՀ–ում քանի մարդու թոշակ ու աշխատավարձ է բարձրացել` ահռելի մի թիվ է։ Բայց այսօր մեր ընդդիմությունը մեզ ի՞նչ է ասում։ Տերմինախեղդ է անում։ Ասում է` գետինը մտնեք դուք, ֆիսկալ կանոնները խախտում եք։ Եկեք թարգմանեք ձեր ասածը։ Դուք ասում եք` աշխատավարձ մի՛ բարձրացրեք, թոշակ մի՛ բարձրացրեք, նպաստ մի՛ բարձրացրեք։ Դե կանգնեք, ուղիղ էդ ասեք, ի՞նչ եք` գիտահետազոտակա՜ն, միտահետազոտակա՜ն։ Այնպիսի բառեր եք ասում, որ ոչ ոք գլխի չընկնի` ինչ եք ասում։ Կանգնեք, ուղիղ ասեք, որ դուք դեմ եք, որ մենք բարձրացնենք աշխատավարձերն ու թոշակները»,– ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք` Հարկային նոր օրենսգրքով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից համահարթեցնել եկամտահարկը ՀՀ բոլոր քաղաքացիների համար` անկախ աշխատավարձի չափից։

Բա հեղափոխությունը պոզով–պոչո՞վ է լինում. Փաշինյանն ասել է, թե ո՞ւմ կյանքը կվատանա

Հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության բոլոր աշխատող քաղաքացիները կհարկվեն  աշխատավարձի 23 տոկոսի չափով։ Այս փոփոխության արդյունքում այսօր 23 տոկոսից ավել վճարող ՀՀ 230 000 քաղաքացիների եկամտահարկը կնվազի, հետևաբար` աշխատավարձը կավելանա։

Եկամտահարկի վերադարձը խթանում է պահանջարկը. իրավիճակը Հայաստանի անշարժ գույքի շուկայում

Եկամտահարկի նվազումը կշարունակվի մինչև 2023թ–ը. 2021-ին եկամտահարկը կնվազի մինչև 22 տոկոս, 2022-ին` 21, իսկ 2023թ.–ի հունվարի 1-ից 20 տոկոս: