ՌԱԴԻՈ

Հովհաննիսյան. «Փոխայցերի արդյունավետությունը կարող է նվազել Ադրբեջանի կեցվածքի պատճառով»

«Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցերին ու նշել, որ դա Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունք է:
Sputnik
Հովհաննիսյան. «Փոխայցերի արդյունավետությունը կարող է նվազել Ադրբեջանի կեցվածքի պատճառով»

Եթե հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցերը դիտարկենք ընդհանուր համատեքստից դուրս, ապա նման քայլերն ուղղված են միմյանց միջև ուղիղ կապեր հաստատելուն և իրար ավելի լավ հասկանալուն: Հաշվի առնելով լրատվական դաշտում մեր և ադրբեջանցիների առնչությունները՝ պետք է նշել, որ դրանք միջնորդավորված են, անմիջական չեն, հետևաբար, փոխայցերի հանգամանքը կարող է դիտարկվել որպես դրական քայլ, եթե կողմերը հնարավորություն ունենան շփվել հասարակական տարբեր խավերի ու լայն շրջանակների հետ: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը։

Ինչո՞ւ եք դուք ներգրավվել Մինսկի խմբի բանակցություններում. Փաշինյանը` ադրբեջանցի լրագրողին

«Հայաստանի պարագայում խնդիր չի առաջանա: Մենք հիշում ենք, օրինակ, «Թուրան» գործակալության խմբագրի այցը Երևան: Այստեղ նա հանդիպել էր ՀՅԴ և ՀԱԿ ներկայացուցիչների, նախագահի խորհրդականի հետ, խոսել էր ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում իրարից տարբեր կարծիքներ ունեցող թիրախային խմբերի հետ, այցելել էր Ծիծեռնակաբերդ: Իսկ ահա Ադրբեջանի պարագայում վստահ չեմ, որ մեր լրագրողներին այնտեղ հնարավորություն կտրվի հանդիպել իրենց նախընտրած շրջանակների հետ»,- նշում է փորձագետը: 

Տարոն Հովհաննիսյանը չի հավատում, որ հայ-ադրբեջանական պայմանավորվածություններն ամբողջությամբ կիրագործվեն՝ հաշվի առնելով Ադրբեջանում տարվող հակահայկական քարոզչությունը, ղարաբաղյան խնդրում Ադրբեջանի ղեկավարության որդեգրած դիրքորոշումը և նախագահի մակարդակով իրականացվող հայատյացության քաղաքականությունը: Ոստի կարծում է, որ այնտեղ կփորձեն սահմանափակել հայ լրագրողների տեղաշարժը՝ պլանավորելով այն հանդիպումները, որոնք հաճո են Ադրբեջանի ղեկավարությանը:

«Ձեզ սրբի տեղ մի դրեք». Մնացականյանն ադրբեջանցի պատգամավորին հիշեցրել է իրենց անցյալը

Տարոն Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ լրագրողական փոխայցերի արդյունավետությունը թեև կարող է նվազել Ադրբեջանի կեցվածքի պատճառով, այդուհանդերձ պետք է սպասել այցերին ու դիտարկել, թե ովքեր են մեկնում հարևան երկիր և ովքեր են ժամանելու Հայաստան, ինչ թիրախային խմբերի հետ են հանդիպելու, և ըստ այդմ, կարելի է ընդհանուր գնահատականներ տալ: Անկախ ամեն ինչից՝ փորձագետն այս նախաձեռնությունը դրական է համարում: