Հայաստանի հավաքականը պարտվեց Հունաստանի ընտրանուն

Աբրահամ Խաշմանյանի նորամուտը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում հաջողություն չբերեց թիմին: Հայաստանի հավաքականը J խմբի աղյուսակում նահանջեց հինգերորդ հորիզոնական:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի 2020 ընտրական J խմբում անցկացրեց իր նախավերջին հանդիպումը սեփական հարկի տակ ընդունելով Հունաստանի հավաքականին: Խաղն ավարտվեց հույն ֆուտբոլիստների հաղթանակով՝ 1:0 հաշվով: Մեր ընտրանին «Եվրո 2020» ընտրական խմբում նահանջեց նախավերջին հորիզոնական:

Առանց Հենոյի. ինչպես են մարզվում մեր ֆուտբոլիստները «վերջին հույսի» խաղից առաջ. տեսանյութ

Խաղի 34-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Դիմիտրիոս Լիմնիոսը։

Առաջին 35 րոպեների ընթացքում հույները գնդակին տիրել էին 72-ը` 28 տոկոսի դիմաց: Մեր հավաքականը ոչ մի հարված չէր կատարել, իսկ մրցակիցը մի քանի անգամ լրջորեն սպառնացել էր, մեկ անգամ էլ գնդակը հետ էր մղվել մեր թիմի դարպասաձողից: Տարածքային առավելությունը մրցակիցը կարողացավ վերածել նաև խաղայինի, ու դա տվեց իր պտուղները: Դիմիտրիոս Լիմնիոսը առաջ մղեց հյուրերին:

Երկրորդ խաղակեսում մեր թիմի խաղը էականորեն տարբերվեց առաջինից. մեր հավաքականի գործողություններում ակտիվություն, երբեմն էլ` ագրեսիվություն էր նկատվում: Բայց գրոհի վերջաբան չկար: Ընդ որում, երբեմն էլ մեր ֆուտբոլիստները չէին հասցնում ժամանակին նահանջել, և հույները հնարավորություն էին ստանում վտանգավոր գրոհներ կազմակերպել: Այն, որ մրցակցին չհաջողվեց նոր արդյունք գրանցել, պարտական ենք մեր դարպասապահ Արամ Հայրապետյանին, որը մի քանի անգամ փրկեց մեր թիմին:

Հայաստանի հավաքականի երկրպագուները երթ են կազմակերպել Երևանի փողոցներում. տեսանյութ

Հաշվի առնելով մեր հավաքականի կազմում առանցքային մի քանի խաղացողների բացակայությունը, հասկանալի էր, որ Հայաստանի հավաքականը դժվար թե հարձակողական ֆուտբոլ խաղա: Աբրահամ Խաշմանյանը իր տրամադրության տակ գտնվող ֆուտբոլիստների հնարավորություններից ելնելով նախընտրել էր կենտրոնական երեք պաշտպաններով խաղը, որոնց կողքին պաշտպանության, ինչպես նաև կիսապաշտպանության, եզրերում պետք է գործեին Կամո Հովհաննիսյանն ու Հովհաննես Համբարձումյանը: Խաղի ընթացքից էլ պարզ էր, որ հենց դա էր մեր թիմի նպատակը. մեր թիմը հիմնականում պաշտպանվում էր:

Այս հանդիպումն առաջինն էր ազգային թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի ղեկավարությամբ:

Ո՞ր թիմին են երկրպագելու հայաստանցի հույները. Շարմազանովը կատարել է իր ընտրությունը

Մեր հավաքականը կրում է 5-րդ պարտությունը և նահանջում 4-րդ հորիզոնական: Հունաստանի ընտրանին 11 միավորով բարձրանում է 3-րդ տեղ:

Հիշեցնենք, որ Հայաստան–Հունաստան հանդիպմանը չէին մասնակցում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մի շարք առանցքային խաղացողներ` Հենրիխ Մխիթարյանը, Մարկոս Պիզելին, Կառլեն Մկրտչյանը, Գևորգ Ղազարյանը, Սարգիս Ադամյանը։ Որակազրկման պատճառով խաղը բաց թողեց նաև Վարազդատ Հարոյանը։

Թիմի ավագի թևկապով այս խաղում հանդես էր գալիս Հովհաննես Համբարձումյանը։

Հիշեցնենք` նոյեմբերի 7-ին Խաշմանյանը միաձայն ընտրվեց ազգային հավաքականի մարզիչ։ Մինչ այդ` հոկտեմբերի 18-ին, Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարվել էր այդ պաշտոնից։

Նրա հրաժարականին նախորդել էր հոկտեմբերի 15-ին Ֆինլանդիայի ընտրանու հետ հանդիպումը, որն ավարտվել էր մեր հավաքականի` 0:3 հաշվով պարտությամբ: Հայաստանի հավաքականը 10-րդ տուրի հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 18-ին` հյուրընկալվելով Իտալիայի հավաքականին: