ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Նոյեմբերի 18-ից ավտոկրող տրեյլերով ՀՀ ներմուծվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներն իրականացվելու են Գյումրիի նորակառույց արտաքին տնտեսական գործունեության կենտրոնում։ Այս մասին հայտնում է պետեկամուտների պաշտոնական կայքը։
«2019թ. նոյեմբերի 18-ից հայ-վրացական սահմանով ավտոկրող տրեյլերով ՀՀ ներմուծվող Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկով 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները ևս իրականացվելու են Գյումրի քաղաքում»,–նշված է ՊԵԿ–ի հաղորդագրության մեջ։
Հիշեցնում ենք, որ հայ-իրանական սահմանով ՀՀ ներմուծվող 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները հնարավոր է իրականացնել ինչպես Հարավային մաքսատուն-վարչությունում (Սիսիան քաղաքում), այնպես էլ Հյուսիսային մաքսատուն վարչությունում (Գյումրի քաղաքում):
2019թ. նոյեմբերի 18-ից ավտոկրող տրեյլերով ՀՀ ներմուծվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները չեն իրականացվելու Հյուսիսային մաքսատան-վարչության շենքում։ Դրանք իրականացվելու են Գյումրի քաղաքում գտնվող նորակառույց Արտաքին տնտեսական գործունեության կենտրոնում, որը գտնվում է Թբիլիսյան խճուղում։
Ինչու է թանկացել gg-ն, ինչ է լինելու հետո
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է նաև, որ մինչև նոյեմբերի վերջ բեռնարկղով տեղափոխվող 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները նույնպես կիրականացվեն Հյուսիսային մաքսատուն վարչությունում (Գյումրի քաղաքում)։ Այսպիսով ավտոմեքենաների մաքսազերծման գործառույթն ամբողջովին կտեղափոխվի Գյումրի քաղաք։
Հիշեցնենք, որ Գյումրու ավտոմաքսատունը ծառայություններ է մատուցելու մեկ պատուհանի սկզբունքով: Այսինքն` կկատարվեն ոչ միայն մաքսային ձևակերպումներ, այլև տրանսպորտային միջոցների հաշվառում և պետհամարանիշի ստացում: Հաշվի առնելով ավտոմեքենաների ներկրման կանխատեսվող ծավալները՝ այստեղ օրական կմաքսազերծվի 800-1000 մեքենա:
«Կառավարության ծառայողական մեքենաների կրճատումը դեռ չի հասել ակնկալվող քանակին». Աղաջանյան