ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները պարզել են, որ Մոսկվայում սպանված մարզիկ Աշոտ Բոլյանը կազմակերպված հանցախմբի անդամ էր։ Այդ հանցախումբն առևտրականների հետ կապված հարցեր էր լուծում։ Այս մասին հայտնում է Mash Telegram–ալիքը։
Հիշեցնենք, որ թայբոքսինգի աշխարհի չեմպիոն, Հայաստանում ծնված Աշոտ Բոլյանին նոյեմբերի 13–ին սպանել էին Մոսկվայի Նախիմովսկի պողոտայում գտնվող բնակելի տան մերձակայքում, իր Infiniti մակնիշի ավտոմեքենայի մոտ։ Մարմինը հայտնաբերել էր տեղի բնակիչներից մեկը։
Աղբյուրի համաձայն` իրավապահ մարմինների աշխատակիցները հարցաքննել են սպանվածի բարեկամներից մի քանիսին։ Արդյունքում հայտնի է դարձել, որ վերջերս Բոլյանի «աշխատանքից» դժգոհ էին այն մարդիկ, որոնց նա ստիպում էր կիսել իրենց բիզնեսը, դժգոհ էին նաև հանցախմբի այլ անդամները։
Հանդիպումներից մեկի ժամանակ ինչ–որ բան սխալ է գնացել։ Իսկ երեկոյան վարձու մարդասպանը հետևել է Բոլյանին ու սպանել։
«Սպանողը պրոֆեսիոնալ է եղել». մանրամասներ և տեսանյութ մարզիկ Աշոտ Բոլյանի սպանությունից
Միաժամանակ հայկական լրատվամիջոցներում քննարկվում է վարկած, համաձայն որի` Բոլյանի սպանությունը կապված է մեկ այլ հանցագործության հետ, որի զոհ էր դարձել «օրենքով գող» Մասիվցի Անդիկը (Անդրանիկ Հարությունյան)։
Հրապարակումների համաձայն` ՀՀ ոստիկանությունում կասկածել են, որ Բոլյանը Մասիվցի Անդիկի սպանության պատվիրատուն է եղել, ավելին՝ հայկական և ռուսական իրավապահները համատեղ աշխատանք են իրականացրել այդ տեղեկությունը ստուգելու համար։
Հայտնի է` ինչու է Աշոտ Բոլյանը կազմակերպել Մասիվցի Անդիկի սպանությունը. «Ժողովուրդ»
Նշվում է նաև, որ Բոլյանը «օրենքով գողին» սպանելու պատճառ է ունեցել։ Մասնավորապես կա վարկած, որ նա խոշոր գումար էր պարտք խաղատանը։ Խաղատան սեփականատերերը գումարը վերադարձնելու անհաջող փորձերից հետո դիմել էին Մասիվցի Անդիկին։ Բոլյանն իր հերթին այդ խնդիրը լուծելու համար կազմակերպել էր «օրենքով գողի» սպանությունը։