ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik.Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը Եվրոպայի 2021 թվականի առաջնության ընտրական հերթական խաղում մրցեց առաջին խմբի առաջատարի՝ Իռլանդիայի ընտրանու հետ: Խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1:0 հաշվով:
Հաշվի առնելով մեր երիտասարդական հավաքականի վերջին երկու խաղերը` ակնկալիքները մեր թիմից բավականին մեծ էին: Բայց առաջին խաղակեսում իռլանդացիները բավականին մեծ առավելություն ունեին մերոնց նկատմամբ: Հայաստանի հավաքականը փորձեր էր կատարում միայն հակագրոհններ կազմակերպելու, բայց դրանք էլ ոչ մի արդյունք չէին տալիս: Բավական է նշել, որ մինչև ընդմիջում մեր ֆուտբոլիստները ոչ մի հարված չկատարեցին Իռլանդիայի իրենց հասակակիցների դարպասին: Իսկ ահա մեր դարպասապահ Սևակ Ասլանյանն անընդհատ գործի մեջ էր, և մի քանի դրվագներում էլ փրկեց մեր թիմին վերահաս գոլերից:
Երկրորդ խաղակեսում հյուրերի առավելությունն արդեն բացահայտ էր: Մեր հավաքականը երբեմն «փակված» էր մնում սեփական կիսադաշտում: Ինչպես ասում են, գոլը հասունանում էր, և այն կայացավ: Խաղի 63-րդ րոպեին Իռլանդիայի հավաքականի արագ ու մեկ հպումով գրոհը ավարտին հասցրեց Զաքարիա Էլբուզեդին: Բաց թողած գոլից հետո մեր հավաքականը ակտիվացավ, նույնիսկ թվային առավելություն ստացավ: Վահան Բիչախչյանի նկատմամբ կանոնները խախտելու համար հեռացվեց Դարա Օ՝Շին:
Սնկի պես աճած ակումբները նպաստո՞ւմ են հայկական ֆուտբոլի զարգացմանը, թե՞ հակառակը
Մրցավարի ավելացրած ժամանակի ընթացքում պատասխան գնդակը կարող էր խփել Ռուդիկ Մկրտչյանը, բայց հրաշալի խաղաց իռլանդացիների դարպասապահը: Ավելին անել մեր երիտասարդական հավաքականին չհաջողվեց: Այս պարտությունից հետո մեր թիմը շարունակում է զբաղեցնել աղյուսակի չորրորդ հորիզոնականը, հինգ խաղերից հետո մեր թիմը վաստակել է երեք միավոր:
«Դուխներդ տեղը, ամեն ինչ շատ լավ է, որևէ խնդիր իրականում չկա». Վանեցյան