Հայաստանի ազգային հավաքականը վաղը` նոյեմբերի 15-ին, սեփական հարկի տակ կմրցի Հունաստանի հավաքականի հետ։ Սա մեր ֆուտբոլիստների նախավերջին հանդիպումն է լինելու Եվրո-2020-ի ընտրական փուլի շրջանակում։
Հանդիպումից առաջ ֆուտբոլիստները վերջին մարզումներն են անցկացրել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Sputnik Արմենիայի տեսախցիկը ֆիքսել է առավել ուշագրավ դրվագները, որոնք ֆոտոշարքի տեսքով ներկայացնում ենք մեր ընթերցողներին։
Հիշեցնենք, որ Հայաստան–Հունաստան հանդիպմանը չեն մասնակցելու Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մի շարք առանցքային խաղացողներ` Հենրիխ Մխիթարյանը, Մարկոս Պիզելին, Կառլեն Մկրտչյանը, Գևորգ Ղազարյանը, Սարգիս Ադամյանը։ Որակազրկման պատճառով խաղը բաց կթողնի նաև Վարազդատ Հարոյանը։
Նախախաղային ասուլիսի ժամանակ այսօր թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին` ասաց, որ թիմի ավագի թևկապով այդ խաղում հանդես է գալու Հովհաննես Համբարձումյանը։
Հիշեցնենք` նոյեմբերի 7-ին Խաշմանյանը միաձայն ընտրվեց ազգային հավաքականի մարզիչ։ Մինչ այդ` հոկտեմբերի 18-ին, Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարվել էր այդ պաշտոնից։
Եվրո 2020-ի ընտրական փուլ․ Հայաստանն ուժերը չափեց Ֆինլանդիայի հետ․ ֆոտոշարք
Նրա հրաժարականին նախորդել էր հոկտեմբերի 15-ին Ֆինլանդիայի ընտրանու հետ հանդիպումը, որն ավարտվել էր մեր հավաքականի 0:3 հաշվով պարտությամբ: Հայաստանի հավաքականը 10-րդ տուրի հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 18-ին` հյուրընկալվելով Իտալիայի հավաքականին: