Ի՞նչ գործունեություն կծավալի Արսեն Բաբայանը և հանուն ինչի՞. նա խոսեց ապագա պլաններից

Բաբայանը, այնուամենայնիվ, դատական իշխանության նկատմամբ վստահություն ունի և կարծում է` կան դատավորներ, որոնք կարող են պատվերներ չկատարել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանն առաջիկայում սկսելու է զբաղվել իրավապաշտպան գործունեությամբ։ Այս մասին Բաբայանն ասաց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Զբաղվելու եմ իրավապաշտպան գործունեությամբ` նպատակ ունենալով թև ու թիկունք լինել այն մարդկանց, ում դեմ կիրականացվեն այնպիսի անօրինական գործողություններ, ինչ իմ հանդեպ էին իրականացվում»,–ասաց նա։

Քաղաքական որոշմամբ ինձ տարան, փակեցին, քաղաքական որոշմամբ ազատ արձակեցին. Արսեն Բաբայան

Հարցին, թե կպաշտպանի՞ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի շահերը` Բաբայանը պատասխանեց, որ չի կարող, քանի որ ինքն էլ է այդ գործով մեղադրյալ։ Արսեն Բաբայանը, այնուամենայնիվ, չհերքեց, որ մտերիմ է Թովմասյանի հետ։

Մեկ այլ հարցի, թե ինչո՞ւ ի տարբերություն իրեն Բաբլոյանին չձերբակալեցին, չէ՞ որ վերջինս էլ իշխանությունը յուրացնելու կասկածանքով ՀՔԾ-ում քննվող քրգործով որպես կասկածյալ էր ներգրավվել, Բաբայանը պատասխանեց, թե, հավանաբար, Բաբլոյանն ավելի շատ հեղինակություն ունի։

«Այսինքն` եթե փորձ արվեր այս խայտառակ պրոցեսների մեջ Բաբլոյանին էլ ներգրավվել, նույնքան ապօրինություն իրականացնեին Բաբլոյանի նկատմամբ, մենք շատ ավելի արագ խայտառակ կլինեինք, քան հետո ենք լինելու»,–նշեց նա։

Բաբայանն, այնուամենայնիվ, հայտնեց, որ դատական իշխանության նկատմամբ վստահություն ունի և կարծում է` կան դատավորներ, որոնք կարող են պատվերներ չկատարել:

Վարոսյան. «Իսկ Արսեն Բաբայանին հարցրե՞լ են` ուզու՞մ է իրեն համաներում շնորհեն, թե՞ ոչ»

Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որպես կասկածյալ էր ներգրավվել` իշխանությունը յուրացնելու կասկածանքով։ Իսկ Հրայր Թովմասյանը, Քննչական կոմիտեի հայտարարության համաձայն, արդարադատության նախարարի պաշտոնում չարաշահել է պաշտոնեական լիազորությունները` փաստացի ձեռք բերելով Երևանի քաղաքապետարանի կազմակերպած աճուրդում վաճառվող, Բաղրամյան փողոցում գտնվող նոտարական գրասենյակի տարածքը։

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ի երեկոյան` պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով։ Ավելի ուշ նրան մեկ այլ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելուն օժանդակել)։ Հոկտեմբերի 24-ին Բաբայանը կալանավորվել էր։ Հատուկ քննչական ծառայության պաշտոնական հիմնավորման համաձայն` պաշտոնական անձինք, որոնց թվում է նաև Բաբայանը, ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի` լիազորությունները վայր դնելու գործընթացում կատարել են պաշտոնեական կեղծիքներ։

Հայրապետյան. «Իրավական վերջին զարգացումները ՍԴ-ի դեմ սկսված օպերացիայի մասնիկներն են» 

Նոյեմբերի 12-ին Բաբայանն ազատ արձակվեց: Նրա ազատության համար երաշխավորել էին «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանն ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։