Բողոքի ցույց Փարիզում. Արայիկ Հարությունյանը Լևոն Մկրտչյանին մեղադրել է կոռուպցիայի մեջ

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը զրուցել է բողոքի ցույց կազմակերպած դաշնակցական երիտասարդների հետ և մեղադրանքներ հնչեցրել ՀՅԴ–ի հասցեին։ Հանդիպման տեսանյութը հրապարակվել է համացանցում
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. ՀՅԴ երիտասարդական միության անդամները Փարիզում ևս միացել են հայաստանյան ընկերներին և պահանջել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Նրանք բողոքի ցույց են կազմակերպել Ֆրանսիայի մայրաքաղաքում ու պաստառներով դիմավորել նախարարին, որը Փարիզ էր մեկնել ՅՈՒՆԵՍԿO-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով։

Ինչ կմտածի մեկը, եթե նայի նախարարի հրաժարականը պահանջողների բեղերին. Փաշինյանի տեսակետը

Facebook սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է երիտասարդներից մեկը մոտենում նրան, ներկայանում և ասում. «Մենք եկել ենք ասելու, որ դրսի-ներսի «Դաշնակցություն» չկա, մենք զորավիգ ենք մեր ընկերներին և դեմ ենք ապազգային կառավարությանը»։

Նախարարը վստահեցնում է, որ ինքն էլ է դեմ այդ քաղաքականությանը։ Երիտասարդները պնդում են, թե Հարությունյանի ծրագրերն այդ մասին չեն վկայում:

«ՀՅԴ երիտմիությունը հավատում է` Արայիկ Հարությունյանը հրաժարական կտա». Քրիստինե Վարդանյան

«Իսկ 20 տարի շարունակ, երբ ձերոնք իշխանության էին, էդ ժամանակ ապազգային քաղաքականություն վարե՞լ են, թե՞ չէ,– հարցնում է Հարությունյանը և շարունակում,– նրանք ապականել են կրթության համակարգը։ Լևոն Մկրտչյանի պաշտոնավարման ընթացքում խայտառակ կոռուպցիա է եղել, խայտառակ քաղաքականացվածություն: Երբ Լևոն Մկրտչյանն այստեղ էր գալիս, նման բաներ անո՞ւմ էիք: Կոռուպցիան իրենց ապաշնորհ քաղաքականության արդյունքում էր, կոռուպցիան հանդուրժելն էլ` ապազգային քաղաքականություն»։

ՀՅԴ երիտմիության անդամները նոյեմբերի 7–ից բողոքի ակցիաներ են անցկացնում Երևանում` պահանջելով Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

Հիշեցնենք` դաշնակցական Լևոն Մկրտչյանը 4 անգամ նստել է կրթության և գիտության նախարարի աթոռին` 1998-1999, 2001-2003, 2006-2008 և 2016-2018 թվականներին։

ԵՊՀ դասախոսները չեն շտապում` կսպասեն նախարարի վերադարձին. ինչ է առաջարկում փոխնախարարը