ԱՄՆ–ի և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր են լուծել C-400–ի Թուրքիա առաքելու հարցը։ ԱՄՆ նախագահի համար դա շատ կարևոր է մի քանի պատճառներով, Sputnik ռադիոյի եթերում ասել է քաղաքագետ Անդրեյ Կոշկինը։
Թուրքիայի կողմից C-400 ռուսական համալիրների ձեռք բերումը մարտահրավերներ է ստեղծում Վաշինգտոնի և Անկարայի համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Երկու պետությունների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել քննարկել և լուծել այդ պայմանագրի հետ կապված խնդիրները։
«Մենք պարբերաբար քննարկում ենք դա և քննարկելու ենք նաև ապագայում», – մեջբերել է Թրամփին ՌԻԱ Նովոստին։
ԱՄՆ նախագահն ավելացրել է, որ ինքը և Էրդողանը խնդրել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներին և ազգային անվտանգության հարցերով խորհրդականներին անմիջապես սկսել աշխատանքը` C-400–ի «խնդիրը» լուծելու համար։
Ինչպես Sputnik ռադիոյի եթերում նշել է ռազմական քաղաքագետ, Պլեխանովի անվան ռուսական տնտեսական համալսարանի քաղաքագիտության և սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Անդրեյ Կոշկինը, Թուրքիայի կողմից C-400 գնելը լուրջ մարտահրավեր է ԱՄՆ-ի համար։
Տանկեր, Սիրիա և ՀԱՊԿ. հայ–ռուսական գործընկերության ժամանակակից միտումները
«Թուրքիան մեծությամբ երկրորդ բանակն ունի Հյուսիսատլանտյան դաշինքում։ Նման իրավիճակում ԱՄՆ–ի հետ համագործակցելու ցանկության բացակայությունը աշխարհում ԱՄՆ գերիշխող դերի վերաբերյալ կասկածներ է ծնում։ Ուստի Դոնալդ Թրամփը կիրառում է բոլոր մեթոդները։ Ամենից առաջ դա պատժամիջոցներով վախեցնելու փորձն էր, որը արդյունք չտվեց։ Հիմա նա տրամագծորեն վերակողմնորոշվել է և փորձում է պայմանավորվել Էրդողանի հետ` բավական գայթակղիչ գործարքներ առաջարկելով։
Դրանք աշխարհաքաղաքական մեկուսացման լուրջ նախադրյալներ են, հատկապես, սիրիական տարածքում։ Բացի դրանից, Թրամփը լրջորեն զբաղված է գալիք ընտրություններով։ Նրա համար շատ կարևոր է, որպեսզի Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորվեն այն արտաքին քաղաքականության համատեքստում, որը կառուցում է Ամերիկան», – ասել է Կոշկինը։
C-400 հակաօդային պաշտպանության նորագույն ռուսական համակարգերի առաքումը ճգնաժամ է առաջացրել Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններում։ ԱՄՆ–ը պահանջել է Թուրքիայից հրաժարվել գործարքից և փոխարենը գնել ամերիկյան Patriot համալիրներ` սպառնալով Անկարային ուշացնել կամ ընդհանրապես չեղարկել F-35 կործանիչների վաճառքը, ինչպես նաև պատժամիջոցներ սահմանել «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքի հիման վրա։ Թուրքիան հրաժարվել է զիջումների գնալ։