Մոսկվայում սպանված հայ մարզիկը կասկածվում էր «Մասիվցի Անդիկի» սպանությունը պատվիրելու մեջ

Ըստ տեղեկությունների` սպանվածը «Մասիվցի Անդիկի» սպանության գործով հարուցված քրեական գործում ներգրավված էր որպես կասկածյալ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնությունում սպանված 40-ամյա Աշոտ Բոլյանը Հայաստանում՝ հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գող» «Մասիվցի Անդիկի» սպանության գործով հարուցված քրեական գործում ներգրավված էր որպես կասկածյալ: Նա կասկածվում էր «Մասիվցի Անդիկի» սպանությունը պատվիրելու համար: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ռուսաստանի քրեական հեղինակությունները հավաքների ժամանակ քննարկել են Մասիվցի Անդիկի սպանությունը

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայի հարավ-արևմուտքում սպանվել է թայբոքսինգի բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն, միջազգային տարբեր մրցաշարերի չեմպիոն Աշոտ Բոլյանը։ Տեղեկությունը հաստատել է նաև Մոսկվայի քննչական գլխավոր վարչության պաշտոնական ներկայացուցիչ Յուլյա Իվանովան։

Քննության տվյալների համաձայն՝ նոյեմբերի 13-ի երեկոյան՝ բնակելի տան մոտ, որը գտնվում է Նախիմովի պողոտայում, անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել 1979 թվականին ծնված տղամարդու ուղղությամբ. նա տեղում մահացել է։ Ըստ աղբյուրի՝ ՔԳՎ քննչական մարմինները հարուցել են քրգործ՝ «Սպանություն» և «Զենքի ապօրինի կրում» հատկանիշներով: Իրականացվում են քննչական գործողություններ և օպերատիվ-որոնողական միջոցառումներ։ 

Մասիվցի Անդիկի սպանության գործով քրեական հեղինակություններ են հարցաքննվել. «Ժողովուրդ»

40–ամյա Բոլյանը մեծ հաջողությունների է հասել թայբոքսինգում։ Նա WPKA–ի վարկածով եռակի չեմպիոն է, աշխարհի չեմպիոն, հաղթել է IPMTF–ի վարկածով թայբոքսինգի աշխարհի գավաթը, WPKA վարկածով քիքբոքսինգի Ասիայի գավաթը, նաև 17 անգամ չեմպիոն է դարձել այլ միջազգային մրցաշարերում։ Նա նաև հարվածների արագության ռեկորդ է սահմանել, Աշոտ Բոլյանը մեկ վայրկյանում 11 հարված է հասցրել, որից 8–ը` ձեռքերով, 3–ը` ոտքերով։

«Գործընկերներից» ում է հանդիմանել Մասիվցի Անդիկը, և ի՞նչ կապ ունի Վլադիմիր Գասպարյանը

2004 թվականին բռնցքամարտիկը Ռուսաստան է տեղափոխվել ու ավարտել կարիերան։ Վերջերս նա գլխավորում էր Համաշխարհային հայկական կոնգրեսի սպորտի դեպարտամենտը, հայկական սպորտային ֆեդերացիաների համաշխարհային ասոցիացիայի նախագահն էր ու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի սպորտի դեպարտամենտի ղեկավարը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանները բացահայտել են 46-ամյա Անդրանիկ Հարությունյանի, «օրենքով գող» «Մասիվցի Անդիկի» սպանությունը։ Պարզվել էր, որ սպանությունը կատարել է ՌԴ 32-ամյա մի քաղաքացի: Նրան հանցագործությունը կատարելու համար օժանդակել է Երևանի 50-ամյա մի բնակիչ: Նա բերման էր ենթարկվել ու ձերբակալվել: 

«Մասիվցի Անդիկի» սպանության մեջ երկու «խաղացող» կա. նոր մանրամասներ

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք–զինամթերք պահելը) հատկանիշներով:

Հիշեցնենք, որ հուլիսի 2-ի գիշերը Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում սպանվել էր 46-ամյա Անդրանիկ Հարությունյանը, ավելի հայտնի «Մասիվցի Անդիկ» մականունով: Հարությունյանի դիակի վրա առկա էր 4 հրազենային վնասվածք, որոնցից մեկը՝ դեմքին։