Աղետի գոտու 227 ընտանիք բնակարան գնելու հնարավորություն կստանան

Կառավարությունը աղետից տուժած անօթևաններին բնակարանի գնման վկայականները կհատկացնի միայն այն դեպքում, եթե նրանք բնակարան գնելուց հետո քանդեն ժամանակավոր կացարանները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. 1988թ–ի երկրաշարժից տուժած 453 ընտանիքների նկատմամբ պետությունն ունի բնակապահովման պարտավորություն։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնեց վարչապետ Փաշինյանը։

Ուզում եմ մարդիկ Գյումրի ասելով աղետի գոտի չպատկերացնեն. Փաշինյան

«Մենք քաղաքական խնդիր էինք դրել` հնարավորինս արագ լուծել մեր հայրենակիցների բնակապահովման հարցը, և 2020թ–ի բյուջեում այս նպատակով հատկացվող գումարները շուրջ 6 անգամ ավելացրել ենք»,– ասաց Փաշինյանը։

Հաջորդ տարի այդ նպատակով ևս 3 մլրդ դրամ կհատկացվի։

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը տեղեկացրեց, որ գրավոր հարցման արդյունքում պարզել են, որ 453 անօթևան ընտանիքներից  227-ը նախընտրել է բնակարանի գնման վկայագիր  ստանալու տարբերակը, 8-ը` ինչ–ինչ պատճառներով հարցմանը չի մասնակցել, մնացածը հրաժարվել են բնակարանի գնման վկայագրերից։ 

Այս հարցումների արդյունքների հիման վրա քաղաքաշինության կոմիտեն կառավարությանն առաջարկում է 2019 թվականի պահուստային ֆոնդից անօթևան մնացած ընտանիքներին տրամադրել 1 291 572 000 դրամի ԲԳՎ-ներ։

Օգնությո՞ւն, թե՞ գլխացավանք․ Շիրակի մարզի անօթևանները չեն կարողանում բնակարան գնել

Ընդ որում, Ղուլարյանի խոսքով` այդ գումարից 535 587 000–ը կհատկացվի  Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի 90 ընտանիքի,  674 782 000–ը` Լոռու` 121,  81 053 000–ը՝ Արագածոտնի` 16 ընտանիքների։

Կառավարությունը հաստատեց որոշումը, բայց Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց`  բնակարան գնելուց ու տեղափոխվելուց հետո պայման դրվա՞ծ է ժամանակավոր տնակները վերացնելու։

Չարաշահումներ`անօթևաններին բնակարան տալու գործընթացում. 4 անձի մեղադրանք է առաջադրվել

«Գումարը տրամադրվելու է միայն ժամանակավոր կացարանն ազատելու և տնակը քանդելու դեպքում»,– նշեց Ղուլարյանը։

Վարչապետը կարևորեց պայմանագրի այդ կետը`  նշելով, որ Գյումրիում բնակարան ստացողները չեն հրաժարվում տնակներից ու հաճախ այն վարձով են տալիս։

Ինչպես կլուծվի բնակարանային հարցը աղետի գոտում. Վերմիշյանը նոր թվեր է ներկայացրել

«Մենք դեմ չենք, որ մարդիկ հավելյալ եկամուտ ունենան, բայց այդ երևույթը Գյումրիի զարգացմանը շատ կոնկրետ խոչընդոտող գործոն է»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետը չբացառեց, որ հնարավոր է դրանցում լինեն ընտանիքներ, որոնց նկատմամբ պետությունը բնակապահովման պարտավորություն ունի, բայց այդ ընտանիքներն ինչ–որ պատճառով դուրս են մնացել հաշվառումից։ Հակառակ դեպքում պետք է հստակեցվի, թե ինչպես Գյումրին ազատել քաղաքի տեսքը խաթարող տնակներից։

Աղետի գոտին երեկ և այսօր

Հիշեցնենք` Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում 2018 թվականի տարեվերջի դրությամբ` 5396 անօթևան ընտանիքներից 4839–ի բնակարանային խնդիրը լուծվել է, որի համար ծախսվել է 65 մլրդ դրամ։

2018 թ-ի պետական բյուջեից հատկացված 458 մլն դրամի հաշվին մինչև 2019 թվականի դեկտեմբերի 1-ը կլուծվի ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերի 44 ընտանիքի բնակարանային խնդիրը. նախատեսվում է մինչև դեկտեմբերի 1-ը ավարտին հասցնել  նրանց կիսակառույց բնակելի տների շինարարությունը:

Իսկ 2019 թվականի պետական բյուջեից հատկացված 560  մլն դրամով կլուծվի ևս  61 ընտանիքի բնակարանային խնդիր, որոնցից 24-ը՝ կիսակառույցների ավարտման, 22-ը՝ բնակարանի գնման վկայագրի տրամադրման, 15-ը՝ ուղղակի ֆինանսական աջակցության  տրամադրման միջոցով:

Մնացած ընտանիքների բնակարանային խնդիրը կառավարությունը խոստացել է լուծել մինչև 2020թ–ի ավարտը։