Սիրիայում հայ հովվապետի սպանության դեպքով ԱԳՆ–ն մեկ հայտարարությամբ չի սահմանափակվելու

ԱԳՆ–ն մոբիլիզացրել է իր ռեսուրսները, որպեսզի անհրաժեշտ խողովակների միջոցով հետևի Սիրիայում ընթացող իրադարձություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Կամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետի և նրա հոր սպանության դեպքի առնչությամբ մեկ հայտարարությամբ չի սահմանափակվելու։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրապ Մնացականյանը։

Նոյեմբերի 11–ին Սիրիայում ահաբեկիչները սպանել են Կամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հորը` Հաննա Պետոյանին։ ԻՊ-ը ստանձնել է Սիրիայում հայ քահանայի և նրա հոր սպանության պատասխանատվությունը։

«Մտահոգիչ է այդ ամենը մեզ համար։ ԱԳՆ–ն արդեն իսկ հայտարարությամբ է հանդես եկել` դատապարտելով այդ սպանությունները։ Սակայն մենք մեկ հայտարարությունով չենք սահմանափակվելու, շարունակելու ենք քրիստոնյա փոքրամասնության պաշտպանությանն ուղղված մեր քաղաքականությունը»,–ասաց նա։

Նախարարի խոսքով` ԱԳՆ–ն մոբիլիզացրել է իր ռեսուրսները, որպեսզի անհրաժեշտ խողովակների միջոցով հետևի Սիրիայում ընթացող իրադարձություններին։

«Գազան են, այլ կերպ չես ասի». Կամիշլիում հրաժեշտ տվեցին սպանված հայ քահանային. տեսանյութ

Մյուս կողմից, ըստ Մնացականյանի, ԱԳՆ–ն նախատեսում է նոր քայլեր ձեռնարկել Սիրիա ուղարկվող հերթական մարդասիրական օգնությունը ցուցաբերելու համար։

Ավելի վաղ ԱԳՆ–ն հայտարարել էր, որ վերջին ամսվա ընթացքում Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող ռազմական ներխուժումը և դրա հետևանքով ակտիվացած ահաբեկչական գործունեությունը հատկապես խոցելի են դարձնում քաղաքացիական բնակչությանը, այդ թվում ազգային և կրոնական փոքրամասնություններին։ Ըստ ԱԳՆ–ի` ինքնության հողի վրա շարունակվող հետապնդումներն ու սպանությունները վճռականորեն պետք է դատապարտվեն միջազգային հանրության կողմից։

Պարսումյան. «Ամեն վայրկյան, ամեն ժամ բոլորս էլ վտանգված ենք»