Փաշինյանն ու Պուտինը փոխադարձ պաշտոնական այցեր կկատարեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից խոսել է հայ–ռուսական հարաբերությունների ներկա վիճակի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik. 2020 թվականի առաջին կեսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջին պաշտոնական այցով կայցելի Ռուսաստան։ Այս մասին Փաշինյանը հայտարարեց այսօր ԱԺ–ում` պատասխանելով պատգամավորների` Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների մասին հարցերին։

«Դրանից հետո ՌԴ նախագահը 2020թ–ի երկրորդ կեսին, կամ 2021թ–ի առաջին կեսին պաշտոնական այց կկատարի Հայաստան»,– ասաց նա։

Փաշինյանի խոսքով` Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո ՌԴ–ում, ինչպես աշխարհի այլ երկրներում, բազմաթիվ հարցեր են ծագել։ Դրանով էլ բացատրվում է երկու երկրների հարաբերությունների աշխուժացումն ու հանդիպումների ինտենսիվությունը։

Լավրովն արձանագրեց Արցախի ժողովրդի իրավունքը. Փաշինյանը մեկնաբանել է ՌԴ ԱԳ նախարարի խոսքը

«Ես դեռ անցած տարի ամռանն եմ ասել, որ կարծում եմ, որ մեզ մոտ այդ պրոցեսն ընթանում է, որպեսզի մեր հարաբերություններում նոր մակարդակ, որակ արձանագրվի։ Հիմա արդեն ես կարող եմ ասել, որ դա արձանագրվել է։ Հիմա արդեն ավելի վստահ կարող եմ ասել, որ դա տեղի է ունենում»,– ասաց վարչապետը։

Փաշինյանը հույս հայտնեց, որ հայ–ռուսական հարաբերությունների ներկա վիճակը թույլ է տալիս նոր փուլ թևակոխել` առանց անորոշությունների մթնոլորտի։

Հիշեցնենք` Պուտինը Հայաստան էր եկել այս տարվա հոկտեմբերի 1-ին` ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։ Իսկ Փաշինյանն աշխատանքային այցով ՌԴ էր մեկնել հոկտեմբերի 25-ին։