Հեղափոխության շնորհիվ բարձրացել է ծնելիությունը. Փաշինյանը թվեր է ներկայացրել

ՀՀ վարչապետի դիտարկմամբ` հեղափոխությունից հետո շարունակում է արձանագրվել ամուսնությունների թվի աճ և ամուսնալուծությունների թվի նվազում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik. Այս տարվա երկրորդ և երրորդ եռամսյակների ընթացքում Հայաստանում ծնված երեխաների թիվը գերազանցել է անցած տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշը:

Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և վիճակագրություն ներկայացրել։

2020 թվականից երեխայի ծննդյան համար տրվող գումարը զգալի կավելանա

«Եթե անցած տարվա այդ ժամանակահատվածում ծնվել էր 18 հազար 258 երեխա, ապա այս տարվա երկրորդ և երրորդ եռամսյակների ընթացքում ծնված երեխաների թիվը կազմել է կազմել է 18 հազար 493, կամ 235-ով ավելի»,–նշել է վարչապետը:

Նա նկատել է, որ ծնունդների թվի աճը մեծ չէ, սակայն պետք է հաշվի առնել, որ անցած առնվազն 5 տարիներին այդ ցուցանիշը մեղմ ասած գահավիժում էր, ինչը ակնհայտ է դառնում բերված գծապատկերի ուսումնասիրությունից:

Ծնելիության խրախուսման նոր ծրագիր. ի՞նչ է նախատեսում կառավարությունը 2020 թ–ից

«Այսպիսով կարող ենք արձանագրել, որ հեղափոխությունից հետո հայկական ընտանիքներում ապագայի նկատմամբ դրական սպասումները մեծացել են և համապատասխան ժամանակ էր անհրաժեշտ, որպեսզի այդ սպասումները ակներև դառնային լույս աշխարհ եկած երեխաների թվի աճի տեսքով»,–գրել է ՀՀ կառավարության ղեկավարը:

Փաշինյանի դիտարկմամբ` հեղափոխությունից հետո շարունակում է արձանագրվել ամուսնությունների թվի աճ, ամուսնալուծությունների թվի նվազում:

Նշենք, որ ըստ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, բնակչության թվի կրճատման միտումն անկում է ապրում։ Եթե 2018թ.–ի հունվարի 1–ի դրությամբ երկրի բնակչությունը կրճատվել է 13 800–ով, ապա 2019թ.–ի հունվարի 1–ի դրությամբ այդ թիվը կազմել է 7600։Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ` 2020 թվականի հուլիսից մեկնարկելու են ծնելիության խրախուսման, երիտասարդ ու երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր։Վեց անգամ բարձրացվելու է առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից դառնալով 300 հազար դրամ։ Երկու անգամ բարձրացվելու է երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 150 հազար դրամից հասցվելով մինչև 300 հազար դրամ։

Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի համար տրվող գումարը կավելանա. նախարար

 

Շուրջ 41 տոկոսով բարձրացվելու է աշխատող մայրերին տրվող ամսական նպաստը՝ 18 000 դրամից այն հասցնելով 25 500 դրամի։ Գյուղական բնակավայրերում երեխայի խնամքի նոր նպաստի տեսակ է մտցվելու. մինչև երեխայի երկու տարեկան լրանալը մայրերին ամսական վճարվելու է 25 500 դրամ: