ՌԱԴԻՈ

«5 րոպե Դուլյանի հետ». Ղարաբաղյան վեճերի հորձանուտում

Եկեք անկեղծ լինենք։ Լավրովը կռիվ գցեց հայաստանյան հասարակությունում. ասաց, թե հայաստանցի նախագահներից մեկի օրոք Լեռնային Ղարաբաղը դուրս մնաց բանակցային գործընթացից, բայց չասաց՝ ո՛ր նախագահի։ Ու սկսվեց թեժ վիճաբանությունը՝ առաջի՞ն նախագահի օրոք է դա եղել, թե՞ երկրորդ։
Sputnik

Ոմանք փաստում են, որ արդեն 1997 թվականին Արցախի ներկայացուցիչներն այլևս չէին մասնակցում բանակցություններին։ Կայքերից մեկը նույնիսկ հոդված է զետեղել միանշանակ վերնագրով՝ «Լավրովը հաստատեց, որ Տեր-Պետրոսյանն է Արցախը դուրս թողել բանակցություններից»։ Թե որտեղ է Լավրովը նման բան հաստատել, հոդվածի հեղինակն, իհարկե, չի ասում։

«5 րոպե Դուլյանի հետ». Ղարաբաղյան վեճերի հորձանուտում

Իմ կարծիքով, այնուամենայնիվ, իրականությանն ավելի մոտ է Հայաստանի վարչապետի ասածը։ Մասնակցելով Փարիզում կայացած Խաղաղության երկրորդ համաժողովի շրջանակներում կազմակերպված վարչապետաց դասին, Նիկոլ Փաշինյանը փաստեց՝ «1998 թվականին Լեռնային Ղարաբաղը դուրս մղվեց բանակցային գործընթացից»։ Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ վարչապետը համոզված է՝ ամեն ինչ կատարվել է Հայաստանի երկրորդ նախագահի օրոք։ 

Առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության որևէ որոշում ընդունվել չի կարող. Լավրով

Ի դեպ, ղարաբաղցիներին բանակցային գործընթացից դուրս թողնելու մեղադրանքը նույնքան հին է, որքան հողեր հանձնելու մեղադրանքը։ Երբ առաջին նախագահը խաղաղություն հաստատելու չորսփուլանոց ծրագիր էր ներկայացնում, ասում էին՝ ծախում է Ղարաբաղը։ Երբ երկրորդ նախագահը բանակցություններ էր վարում Հեյդար Ալիևի հետ Քի Ուեթում և լուրեր էին պտտվում, թե քննարկվում է Մեղրիի տարածքով միջանցք բացելու հարցը, ասում էին՝ հողեր է հանձնում։ Վերջապես երբ երրորդ նախագահը հայտարարում էր՝ Աղդամը մեր հայրենիքը չէ, մարդիկ տրամաբանում էին՝ դե եթե ասում է, որ մեր հայրենիքը չէ, ուրեմն ուզում է Աղդամը վերադարձնել ադրբեջանցիներին։ 

Ինչո՞ւ եք դուք ներգրավվել Մինսկի խմբի բանակցություններում. Փաշինյանը` ադրբեջանցի լրագրողին
Հիմա էլ նախկին իշխանությունների հայտնի ներկայացուցիչներից մեկը ֆեյսբուքյան իր էջում, դիմելով գործող իշխանություններին, ասում է՝ հանկարծ չփորձեք խոսել տարածքների հանձնման մասին՝ մինչև չհստակեցվի Արցախի կարգավիճակը։  Ո՞վ պետք է հստակեցնի Արցախի կարգավիճակը։ Այս հարցի շուրջ էլ այս շաբաթ վիճաբանություն ծավալվեց այն բանից հետո, երբ Հայաստանի վարչապետը, պատասխանելով ադրբեջանցի բլոգերի այն պնդմանը, թե Ղարաբաղը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածք է, անգլերեն ասաց.

«Գոյություն ունի ԵԱՀԿ-ի Մինսկի խումբ, որին տրված է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման մանդատը, և ձեր երկիրը մասնակցում է բանակցություններին։ Եթե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածք է, ապա ինչու եք դուք բանակցություններ վարում դրա կարգավիճակը որոշելու համար»։

Հայաստանյան ընդդիմության քննադատության թիրախում անմիջապես հայտնվեց վարչապետի հենց այն պնդումը, որ Մինսկի խումբն ունի Արցախի կարգավիճակը որոշելու մանդատ։
Հարցն իրոք վիճահարույց է։ Ու կրկին վերադառնում ենք արցախցիների մասնակցությանը։ Ավելի ճիշտ այն իրադրության անհեթեթությանը, երբ նա, ով ի վերջո պիտի որոշում կայացնի կարգավիճակի վերաբերյալ, չի մասնակցում Մինսկի խմբում այդ կարգավիճակի շուրջ ընթացող բանակցություններին։ Տեսեք։ Ժամանակին երբ ստեղծվեց Մինսկի խումբը, պաշտոնապես արձանագրվեց երեք նպատակ։ Առաջին՝ համապատասխան օրակարգ մշակել հակամարտության կարգավորման համար։ Երկրորդ՝ եզրակացություն մշակել կողմերի պահանջների վերաբերյալ՝ ռազմական գործողությունները դադարեցնելու և Մինսկի կոնֆերանսը հրավիրելու համար։ Եվ երրորդ՝ խրախուսել խաղաղության գործընթացը ԵԱՀԿ-ի բազմազգ խաղաղապահ ուժերի տեղակայման միջոցով։

ԵԱՀԿ–ն հերթական դիտարկումն է անցկացրել Արցախի ու Ադրբեջանի սահմանին
Հասկանալի է, որ այս երեք նպատակները ձևակերպվել էին պատերազմի ժամանակ և կարգավիճակի խնդրի մասին խոսք անգամ չկա։ Էդ դեպքում հարց է առաջանում՝ բա պատերազմի ավարտից հետո այսքան տարի ինչով է զբաղվել Մինսկի խումբը։ Չէ որ իրականում զբաղվել է հենց բոլոր կողմերի համար ընդունելի կարգավիճակի առաջարկ մշակելով։ Այսինքն՝ հիմա արդեն հենց դա է Մինսկի խմբի գլխավոր մանդատը։

Եվ վերջապես ամենագլխավոր հանգամանքը՝ մենք հաճախ մոռանում ենք, որ Մինսկի խումբը եռանախագահությունը չի, ի սկզբանե 11 երկիր էր մտնում այդ խմբի մեջ, այդ թվում Հայաստանն ու Ադրբեջանը։ Բայց այդ խմբի կազմում չկա Արցախը, որն ի վերջո պիտի որոշի սեփական կարգավիճակը։

Համաձայնեք, սա է ամենամեծ անհեթեթությունը և ամենամեծ խոչընդոտը հակամարտության կարգավորման ճանապարհին։