ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի — Sputnik. Երևանում թալանել են Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ Ռուստամ Բաքոյանին:
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, երեկ՝ նոյեմբերի 11-ին, Ռուստամ Բաքոյանը դիմել է ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ նոյեմբերի 8-ին ժամը 18:00-ից մինչև 18:10-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Վաղարշյան-Ավետիսյան փողոցների խաչմերուկի մոտ կայանված, իրեն պատկանող Nissan Teana մակնիշի 043 HH 11 համարանիշի ավտոմեքենայի սրահից, դեռևս իրեն անհայտ հանգամանքներում, գողացել են «Ռոլեքս» տեսակի ժամացույցը:
Բաքոյանը դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խմբին հայտնել է, որ ժամացույցն իրեն ի պահ է հանձնված եղել: Պարզվել է նաև ժամացույցի արժեքը, որն, ըստ տեղեկությունների՝ մի քանի հազար դոլար արժե:
Կրճատված աշխատակիցները դիմել են դատարան. «Ժողովուրդ»
Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: