Փաշինյանն ու Մակրոնը խոսել են վիզայի ազատականացման մասին

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում առանձնազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Նրանք քննարկել են հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգային հրատապ հարցեր, անդրադարձել են նաև մուտքի արտոնագրերի ազատականացման ՀՀ-ԵՄ երկխոսության մեկնարկի ուղղությամբ իրականացվող քայլերին»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ֆրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետին համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար և նշել, որ կարևորում է բարեկամ Հայաստանի հետ համագործակցության զարգացումը տարբեր ուղղություններով։

Իր հերթին վարչապետ Փաշինյանը ևս շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Վարչապետը նշել է, որ տարբեր առիթներով հանդիպումները նոր ազդակ են հաղորդում երկկողմ կապերի զարգացմանն ու ամրապնդմանը։

Կողմերը կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը և այդ ուղղությամբ ձեռք բերել համապատասխան պայմանավորվածություն։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ նոյեմբերի 11-12-ը աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն՝ մասնակցելու Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսին։

Նիկոլ Փաշինյանը «լավ ընկերների» հետ նոր լուսանկարներ է հրապարակել սոցցանցում