ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի - Sputnik. Սկսել փոքրիկ կրպակից ու տարիներ անց ունենալ հանրապետությունով մեկ սփռված խանութների ցանց կամ հիմնել միայն մեկ հաստոց ունեցող տպարան ու, ասենք, 5 տարի անց հայտնվել տպագրական առաջատար ընկերությունների եռյակում… Ինչպես կարելի է փոքր բիզնեսը ոչ միայն, ինչպես ասում են, «ջրի վրա պահել», չթողնել, որ խորտակվի, այլև այն զարգացնել ու մեծացնել…
Առաջին գործը, որ պետք է անի փոքր բիզնեսով զբաղվողը, սպառնացող մարտահրավերներին պատրաստ լինելն է: IBS Consulting Group բիզնես խորհրդատվական ընկերության հիմնադիր ու կառավարող գործընկեր, բիզնես փորձագետ Հայկ Մանասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրել է այն հիմնական մարտահրավերները, որոնք անխուսափելի են, և հաճախ հենց դրանք են դառնում «բիզնեսի նավի խորտակման պատճառ»:
Փաշինյանն ուրախությամբ հայտնում է` միայն 1 օրում 1.5 միլիարդ դրամ է վերադարձվել բիզնեսին
Որքան էլ իդեան հզոր լինի, փողը որոշիչ է դառնում բիզնեսը ոտքի կանգնեցնելու համար
Այս հարցում բացառությունները քիչ են, դրա համար առաջին մարտահրավերը դառնում է սկզբնական կապիտալը կամ կանխիկ գումարի հոսքը: Սկզբնական փուլում և մրցակցության պայմաններում փոքր բիզնեսով զբաղվողները չեն կարողանում ապահովել սկզբնական կապիտալ, այսպես ասած, բյուջե կամ կանխիկ հոսքեր, որոնք նրանց հնարավորություն կտան ընդլայնվելու և ընդլայնված վերարտադրություն սկսելու: Այս մարտահրավերի հիմնական պատճառն այն է, որ այդ փուլում դեռ չկան մեծ ծավալի պատվեր և վաճառք, բայց արդեն իսկ մեծ ներդրումներ են արվում, օրինակ, բրենդավորման, սարքավորումների ձեռքբերման և այլնի համար: Այս փուլն անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ հաղթահարել, որպեսզի հնարավոր դառնա առաջ գնալ: Եթե բիզնես պլանում այդ կանխիկի հոսքի կանխատեսումները ճիշտ չեն արվել, վաղ թե ուշ բիզնեսը կանգնում է սնանկացման խնդրի առաջ:
Սեփական «նոու-հաուն» պետք է իմանալ
Փոքր բիզնեսների համար լուրջ մարտահրավեր է փորձառության պակասը, երբ նրանք չունեն կուտակված համապատասխան փորձառություն, որ կարողանան մրցակցել գործող, արդեն կայացած բիզնեսների հետ և համապատասխանաբար ներգրավել նոր հաճախորդներ: Ու այստեղ կարևոր է սեփական «նոու-հաուն» ունենալ ու այն լավ իմանալ՝ ինչն է քեզ տարբերում, ինչն ես այլ կերպ անում և այլն: «Նոու-հաուն» պետք է լավ և հասկանալի ձևակերպված լինի:
Լավ է ունենալ 3 շատ որակյալ կադր, քան 10 միջակություն
Բիզնեսներից շատերը, չունենալով արդեն նշված փորձառությունն ու չունենալով իրենց «նոու-հաուն», եղած խնդիրը փորձում են լուծել անընդհատ նոր կադրեր ձեռք բերելով: Եվ այստեղ էլ մի նոր խնդիր է առաջանում՝ լավ, որակյալ կադրին ձեռք բերելու համար բարձր մեծ գումար է պետք, բայց երբ դու չունես այդքան ռեսուրս, որ կարողանաս «թանկ» կադրեր ձեռք բերել, ստիպված ես հարմարվել բյուջեի հնարավորություններին ու համապատասխան աշխատակիցներ ընտրել: Արդյունքում վարձում ես ոչ պրոֆեսիոնալ աշխատակիցներ, և դա նորից փակ շղթա է ստեղծում: Ոչ պրոֆեսիոնալը բիզնեսը երբեք առաջ չի տանի, լավագույն դեպքում նույն տեղում կդոփես: Դեռ Ստալինն էր ասում` ամեն ինչ որոշում են կադրերը:
Հանուն քանակի չի կարելի որակը զոհաբերել
Հաճախ փոքր բիզնեսները փորձում են արձագանքել բոլոր պատվերներին՝ իրականում չունենալով դրանք իրականացնելու համապատասխան ռեսուրս։ Հետևանքը լինում է այն, պատվերներն իրականացվում են ցածր որակով: Նրանց թվում է, թե այդ պատվերներն իրականացնելով՝ գումարը կավելանա, բիզնեսը կաճի, բայց ցածր որակով նման բիզնեսներն իրենք իրենց դուրս են մղում շուկայի մրցակցությունից:
Ի՞նչ են ուզում աշխատել Հայաստանի գյուղերում ապրող տղաներն ու աղջիկները
Շատ մի սիրահարվեք ձեր ապրանքին, փորձեք հասկանալ՝ արդյոք հաճախորդին էլ է այն այդքան դուր գալիս
Փոքր բիզնեսով զբաղվողները հաճախ շատ են տարված իրենց ապրանքով կամ ծառայությամբ: Դա նրանց խանգարում է լինել օբյեկտիվ, որովհետև բիզնեսը հիմնված է ապրանքի նկատմամբ իրենց սեփական կարծիքի, վերաբերմունքի վրա: Իրենք վստահ են՝ դա շատ լավն է: Նման վերաբերմունքը արգելափակում է զարգացման տեսլականն ու թույլ չի տալիս փոքր բիզնեսը մեծացնել:
Այս մարտահրավերներին պետք չէ մատների միջով նայել. համաշխարհային վիճակագրությունն ապացուցում է՝ որպես կանոն, եթե փոքր բիզնեսը չի աճում, ապա նրա մահն անխուսափելի է:
Այս թեմայով ավելին իմանալու համար կարող եք լսել Հայկ Մանասյանի և Արամ Չախոյանի զրույցը: