Հռոմի պապը Սիրիայում սպանված հայերի մասին գրառում է արել

Ֆրանցիսկոս պապն անդրադարձել է Կամիշլիում հայ հոգևորականի ու նրա հոր սպանությանը և գրել, որ ինքը հայ կաթոլիկների կողքին է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապն աղոթում է Հայ Կաթողիկե եկեղեցու հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր համար։ Նա այդ մասին գրառում է արել Twitter–ի իր միկրոբլոգում` իր զորակցությունը հայտնելով Սիրիայի Կամիշլիի հայ կաթոլիկներին։

«Ես Սիրիայի Կամիշլիի հայ կաթոլիկների կողքին եմ, երբ նրանք հուղարկավորում են իրենց հովվապետին, հայր Հովսեփ Պետոյանին, որն իր հոր հետ սպանվել է երեկ: Ես աղոթում եմ նրանց, նրանց ընտանիքների ու Սիրիայում ապրող բոլոր քրիստոնյաների համար»,- գրել է Ֆրանցիսկոս պապը:

​Հիշեցնենք` Կամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հորը` Հաննա Պետոյանին, սպանել են երեկ առավոտյան։ Նրանք անձնական մեքենայով ուղևորվելիս են եղել Դեր Զոր` կաթողիկե եկեղեցու վիճակը պարզելու համար։ Ահաբեկիչները կրակ են բացել մեքենայի ուղղությամբ:

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (արգելված է մի շարք երկրներում- խմբ.) ստանձնել է Սիրիայի հյուսիս-արևելքում հայ կաթոլիկ քահանայի և նրա հոր սպանության պատասխանատվությունը:

ՀՀ ԱԳՆ–ն խստորեն դատապարտում է Դեր Զորում կատարված ահաբեկչությունը