ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի — Sputnik. Այսօր` նոյեմբերի 12–ին, Գյումրիում բացված «Հնարավորությունների տոնավաճառի» նպատակն է հնարավորություններ ստեղծել Շիրակի մարզի երիտասարդների համար, իմանալ նոր աշխատատեղերի մասին, ինչպես նաև հասկանալ, թե նրանցից ինչ են սպասում գործատուները։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարյասինը։
«Այսօր մենք բացում ենք Շիրակի մարզում առաջին «Հնարավորությունների տոնավաճառը»։ Անվանումն արդեն ներկայացնում է միջոցառման նպատակները։ Այժմ մեծ խնդիր է, որ երկրում, մի կողմից, երիտասարդության շարքում գործազրկություն կա, իսկ մյուս կողմից` կան բազմաթիվ գործատուներ, որոնք չեն կարողանում գտնել որակավորված աշխատողներ», – ասաց նա։
Մարյասինի խոսքով` մեկ այլ խնդիր է նաև աշխատանք փնտրող երիտասարդների մոտ անհրաժեշտ հմտությունների բացակայությունը։
Հենց այդ նպատակով անվճար թրեյնինգներ են անցկացվում քրաուդֆանդինգ, դիզայն և անիմացիա, մեդիագրագիտություն և այլ թեմաներով։
«Այսօրվա թրեյնինգների ընթացքում երիտասարդները կարող են ստանալ թվային տեխնոլոգիաներ օգտագործելու, բիզնես վարելու հետ կապված հմտություններ։ Ինչպես ցույց են տվել Հայաստանի որոշ մարզերում անցկացված հետազոտությունները, գործատուները հենց դրա կարինքն ունեն երիտասարդ մասնագետներին աշխատանքի ընդունելիս», – հավելեց Մարյասինը։
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն իր հերթին նշեց, որ նման ձևաչափը հնարավորություն է տալիս հասկանալու, թե ինչպիսի հմտություններ և կարողություններ են պետք` աշխատաշուկայում պահանջված լինելու համար։
«Ես շատ զարմացա, երբ իմացա, որ Շիրակի մարզում այսօր մոտ 300 աշխատատեղ կա։ Նշանակում է, որ ինչ–որ տեղ անհամապատասխանություն կա։ Հետևաբար պետք է բարձրացնել իրազեկության մակարդակը», – ասաց նա։
Մարզպետը նաև հավելեց, որ նման միջոցառումները մոտիվացնում են երիտասարդներին, քանի որ դեռ արդի է կարծրատիպն այն մասին, որ լավ աշխատատեղերը բաժին են ընկնում գործատուի ծանոթներին կամ հարազատներին։
Համաժողովի մասնակիցները խոստովանեցին, որ թրեյնինգները շատ օգտակար էին իրենց համար։
Նրանց խոսքով` շատ բաներ, որոնք ուսանողներն անցնում են բուհերում, գործնականում պետք չեն գալիս, ուստի նման թրեյնինգներ պետք է ավելի հաճախ անցկացնել։
«Այդ դեպքում մեզ համար ավելի հեշտ կլինի պատկերացնել, թե հատկապես ինչ է պետք աշխատաշուկային, և ինչ կարող ենք մենք նրան առաջարկել», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց մի երիտասարդ աղջիկ։
ՄԱԿ–ի Զարգացման ծրագրի շրջանակում «Հնարավորությունների տոնավաճառն» արդեն անցկացվել է Լոռու և Գեղարքունիքի մարզերում։ Իսկ մինչև տարեվերջ տեղի կունենա նաև Տավուշում։
Նախագիծը ֆինանսավորվում է Ռուսաստանի կողմից և ներառում է աշխատաշուկայի ուսումնասիրությունը, շփման համար հարթակներ ստեղծելը, երիտասարդ մասնագետների համար թրեյնինգներ անցկացնելը, կոնկրետ հմտություններ ստանալը։