ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի — Sputnik. «Բրազիլահայ» Մարկոս Պիզելին որոշեց ավարտել իր կարիերան Հայաստանի հավաքականում։ Այս մասին նա տեղեկացրել է ՀՖՖ–ին, իսկ և երկրպագուներին հայտնել սոցցանցի միջոցով։
Լինելով բրազիլացի` նա մտավ հայկական ֆուտբոլի պատմության մեջ ոչ միայն այն պատճառով, որ իսկապես լավ ֆուտբոլ էր խաղում, այլ նաև այն պատճառով, որ վատ չէր խոսում հայերեն։
Նրա խփած գոլերը Հայաստանի հավաքականի երկրպագուները կհիշեն միշտ։ Սակայն հայ երկրպագուների այսօրվա սերունդը միշտ կհիշի նրա անկեղծ հարցազրույցները հայերենով և գոլերը տոնելու նրա ձևը։ Պիզելին համբուրում էր շապիկի վրայի հայկական զինանշանը` վազելով դեպի ուղիղ հեռարձակման տեսախցիկները։ Նրա խոսքերն այն մասին, որ Հայաստանն իր համար նոր հայրենիք է դարձել, լոկ խոսքեր չեն։
Նման ֆենոմեն հայկական ֆուտբոլում չի եղել։ Եղել են արգենտինացիներ, ռումիններ, ֆրանսիահայեր, ռուսաստանցի հայեր, որոնք համաձայնում էին խաղալ հավաքականի կազմում, սակայն լեգենդ չէին դառնում։ Իսկ Մարկոսը դարձավ ֆուտբոլասերների կուռքերից մեկը։ Տարիներ առաջ կային Կովալենկոն և Բոնդարենկոն, ոչ վաղ անցյալում` Բերեզովսկին, որոնք խոսում էին հայերեն և դա զարմանալի չէր։ Չէ՞ որ այն ժամանակ Հայաստանի հետ նրանց կապում էր ոչ միայն ֆուտբոլային, այլև հոգևոր դաշտը։ Իսկ Մարկոսը։ Եկավ մեզ մոտ, կայացավ և... չմոռացավ, թե ինչպես է դա տեղի ունեցել։
Նա Հայաստանին երախտագիտություն հայտնեց։ Նա ստիպեց հուզվել, երբ այստեղ ծնված չլինելով, խոսեց հայերեն։ Իսկ դա բոլորիս է շատ հուզում... Մարկոսն ասաց, Մարկոսն արեց։ Մարկոսն արժանի է պատվով ճանապարհելու։
Մարկոս Պիզելին արժանացավ 2018 թ–ի «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ» մրցանակին. տեսանյութ
Կիսապաշտպան Մարկոս Պինյերո Պիզելին ծնվել է Բրազիլիայի Սան–Պաուլու քաղաքում 1984 թվականի հոկտեմբերի 3-ին։ Հայաստան էր եկել 2006 թվականին, որպես Երևանի «Արարատի» լեգիոներ։ Երկու տարի անց ընդունեց «ֆուտբոլային քաղաքացիությունը» փոխելու ՀՖՖ–ի առաջարկը և Հայաստանի հավաքականի խաղացող դարձավ։ Այդ ժամանակից հավաքականի կազմում 66 խաղ է անցկացրել, 11 գոլի հեղինակ դարձել։ Մի շարք խաղերում ազգային թիմը նրան խաղադաշտ էր դուրս բերում ավագի թևկապով։