ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik.Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, գնդապետ Արմեն Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Նախագահական նստավայրում Սարգսյանն այսօր ընդունել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին և Արմեն Հարությունյանին:
Շնորհավորելով վերջինիս զինվորական բարձր կոչմանն արժանանալու համար և հետագա հաջողություններ ու բարի ծառայություն մաղթելով՝ նախագահը մասնավորապես ասել է. «Այնքան լավ պաշտպանեք մեր երկրի սահմանները, որ որևէ մեկի մտքով չանցնի նույնիսկ ամենափոքր գործողություն սկսել»:
Գեներալ-մայոր Հարությունյանը շնորհակալություն է հայտնել վստահություն համար՝ նշելով, որ իր փորձը, հմտություններն ու գիտելիքները կշարունակի ծառայեցնել հայրենիքի պաշտպանության գործին:
Նշենք, որ Հարությունյանը հրթիռային զորքերի և հրետանու պետ - վարչության պետ է նշանակվել 2017 թվականի մայիսի 25-ին:
Պարգևատրվել է ՀՀ «Հայրենիքին մատուցված ծառայությունների համար» 2-րդ աստիճանի և «Մարտական ծառայություն» մեդալներով, ԼՂՀ «Մարտական ծառայություն» մեդալով:
Սարգսյանը հյուրընկալել է Լավրովին և ջերմ ողջույններ փոխանցել Պուտինին