ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը նոր խթան կհաղորդի Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին։ Այսօր Լավրովի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ձեր այցը նոր խթան կհաղորդի մեր գործընկերային հարաբերություններին, ու ես լավատեսորեն եմ նայում մեր հետագա հարաբերությունների զարգացմանը»,– ասաց նա։
Փաշինյանը հիշեց, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը վերջին անգամ Հայաստանում պաշտոնական այցով եղել է 2 տարի առաջ, երբ Հայաստանում քաղաքական փոփոխություններ էին տեղի ունենում։
«Ես ուզում եմ շեշտել, որ այդ փոփոխությունների արդյունքում մեր հարաբերություններն ավելի դինամիկ են դարձել։ Իսկ իմ` վարչապետ ընտրվելուց հետո ես վերջին 1.5 տարում մեկ անգամ չէ, որ առիթ եմ ունեցել հանդիպելու ՌԴ նախագահի, վարչապետի, ՊՆ և այլ պաշտոնատար անձանց հետ»,– ասաց վարչապետը։
ՀՀ վարչապետն իր խոսքում կարևորեց նաև Հայաստանի արդյունավետ նախագահությունը ԵԱՏՄ–ում` հիշեցնելով, որ այդ ընթացքում են ուժի մեջ մտել իրանի ու Չինաստանի հետ ազատ առևտրի պայմանագրերը, նոր պայմանագիր է ստորագրվել նաև Սինգապուրի հետ։
ՌԴ արտգործնախարար Լավրովը շնորհակալություն հայտնեց Փաշինյանին` իրեն Հայաստանում հյուրընկալելու համար։
Լավրովը ևս ընդգծեց, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները չեն խանգարել Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունների շարունակականությանը։ «Մենք սերտ հարաբերություններ ունենք տնտեսական գերատեսչությունների մակարդակով, առաջիկայում պատրաստվում ենք միջպետական հանձնաժողովի` Երևանում կայանալիք նիստին` հաջորդ տարվա առաջին եռամսյակում»,– ասաց նա։
ՌԴ արտգործնախարարը նշեց, որ ՌԴ–Հայաստան առևտրաշրջանառությունն անշրջելիորեն աճում է։
«Ռուսաստանը Հայաստանի առաջատար գործընկերն է, առաջին ներդրողը ՀՀ տնտեսության մեջ։ Իսկ ԵԱՀԿ–ի, ՀԱՊԿ–ի ու ԱՊՀ–ի շրջանակներում Հայաստանը մնում է մեր հիմնական ուշադրության կենտրոնում»,– ասաց նա։
Լավրովը կարևորեց նաև հաջորդ շաբաթ Բիշքեկում նախանշված ՀԱՊԿ գագաթաժողովում ռազմաքաղաքական գործընկերային հարաբերությունների առաջխաղացման հարցում Հայաստանի դերը։
ՌԴ պաշտոնյան իր խոսքն ավարտեց ՀՀ մայրաքաղաքում ստացած սրտաբաց ընդունելության ու անձամբ ՀՀ վարչապետի կողմից արժանացած հանդիպման համար։
Հիշեցնենք, որ Լավրովը պաշտոնական այցով Հայաստան է եկել նոյեմբերի 10-ին։ Նախարարը հանդիպելու է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։