«Նկարիչների միությունը փրկել եմ». Աղամյանը չգիտի` ինչ չարաշահումների մասին է խոսքը

Նկարիչների միության ունեցվածքի 80 տոկոսն օտարվել, անհետ կորել է։ Այս ամենը, ինչպես պնդում է միության նախկին տնօրենը, եղել է մինչև իր նախագահ լինելը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի - Sputnik. Նկարիչների միության նախկին նախագահ Կարեն Աղամյանը վստահեցնում է` իր պաշտոնավարման տարիներին որևէ չարաշահում չի եղել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Աղամյանը` անդրադառնալով դատախազության տարածած այսօրվա հաղորդագրությանը։

Նկարիչների միության նոր նախագահը բացահայտել է Կարեն Աղամյանի չարաշահումները

Հայտնել էինք, որ միության նոր նախագահ Սուրեն Սաֆարյանը բացահայտել է իր նախորդի` Կարեն Աղամյանի չարաշահումները։ Սեպտեմբերի 25-ին Սաֆարյանը դատախազություն է ուղարկել միության 2017-2018թթ. ֆինանսատնտեսական վերլուծությունն այն մասին, որ այդ ժամանակահատվածում միության ՀԿ-ի պատասխանատու անձանց կողմից հափշտակվել են 50 մլն դրամի գույք ու դրամական միջոցներ:

«Հարուցված քրեական գործի մասին որևէ ծանուցում չեմ ստացել, ոչ էլ հարցաքննվել եմ։ Ավելին, այդ մասին ընկերներիցս եմ իմացել, որոնք զանգահարում ու հարցնում են, թե այս ինչ պատմություն է»,–ասաց Աղամյանը։

Նրա խոսքով` իր համար անսպասելի էր նման քրգործի հարուցումը, և այն կա՛մ չարամտություն է, կա՛մ անգիտություն։ Միության նախկին նախագահը նշեց նաև, որ քրգործը պետք է արագ հանգուցալուծվի, որպեսզի բոլոր կասկածները փարատվեն։

«Իմ գործունեության ընթացքում Նկարիչների միությունը միայն շահել է, տարածքներ է մեծացրել ու, առհասարակ, փրկվել է, քանի որ կորած էր։ Նկարիչների միություն` փաստացի չի եղել»,–ասաց նա։

Ըստ Աղամյանի` միության ունեցվածքի 80 տոկոսն օտարվել, անհետ կորել է մինչև իր` միության նախագահ լինելը։ Նա նշեց, որ միությունը ևս մեկ շենք է ունեցել, ինչպես նաև սրճարան, որը վաճառվել է նախքան իր` միության նախագահ նշանակվելը։ 

Կառավարությունը «փակում է» նկարիչների միության նախկին ղեկավարների պարտքերը

Ովքե՞ր և ինչու՞ էին դատի տվել Նկարիչների միության նախագահին. պատասխանում է Կարեն Աղամյանը

Աղամյանը հայտնեց նաև, որ Նկարիչների միության ներկայիս տնօրենի հետ այս թեմայով չի զրուցել։

«Այդ տղային ինքս եմ «առաջ քաշել», մեջտեղ բերել։ Միությունում առաջին անգամ ստեղծել եմ երիտասարդների միություն, քանի որ իմ վաղվա հույսը նրանք էին։ Չեմ հասկանում` ինչ է կատարվում»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է` առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելը: