Հայաստանը գինեգործության հեղափոխության շեմին է. Հարությունյան

Պետությունը չի շտապում հայտնել խաղողի մթերման այս տարվա տվյալները։ Սակայն Գինեգործների միության նախագահը հայտնեց, թե ոչ պաշտոնական տվյալներով մթերման ինչ ցուցանիշներ կունենանք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik. Հայաստանը գինեգործության հեղափոխության շեմին է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։

Ինչ անել, որ հայկական գինեգործական արտադրանքը մուտք գործի միջազգային շուկա

«Չնայած գինեգործության ոլորտում առկա խնդիրներին, այս տարի գինու արտադրության և արտահանման 30 տոկոս աճ ունենք։ Գինեգործական զարգացման բում ունենք. այս իմաստով շատ լավ տարի էր 2019–ը։ Բացի այդ, կա մեծ ոգևորություն ու ներդրումներ»,–ասաց նա։

Նամակ Փաշինյանին. խաղողագործներն ու գինեգործները հորդորում են չփակել հիմնադրամը

Նրա խոսքով` եթե 2018թ.–ին խաղողի մթերման չափը 117 000 տոննա էր կազմում, ապա այս տարի, չնայած տվյալները դեռ պաշտոնապես ամփոփված չեն, սակայն 150-160 հազար տոննայի սահմաններում կլինի մթերման ցուցանիշները։ Իսկ այս տարվա տվյալները դեռ ամփոփված չեն, քանի որ, ըստ մասնագետի, նախորդ տարիներին պետությունն ընկերությունների կողմից խաղողի մթերման թվերին հավատում էր, այնինչ իրական ցուցանիշներն այլ էին լինում, և տարբերությունը երբեմն զավեշտի էր հասնում։ Հիմա, ինչպես հայտնեց Հարությունյանը, պետությունն իրավապահներին հանձնարարել է ստուգել այդ տվյալները։

Անդրադառնալով խաղողագործության և գինեգործության ոլորտի խնդիրներին` Հարությունյանը հայտնեց, որ գինեգործության համար իրականում որակյալ խաղող չկա շուկայում։

«Ունենք կոնյակի համար խաղող, որն իր որակով զիջում է գինու խաղողին։ Խնդիրն այն է, որ ուշ բերքահավաքի ապահովագրման մշակույթ չկա, իսկ գյուղացիները չեն վստահում պետությանը և գինեգործներին։ Այսինքն`որպեսզի ավելի ուշ հավաքեն բերքը, պետք է պետությունը երաշխավորի, որ կարկուտի հետևանքով բերքի փչանալու դեպքում կփոխհատուցի նրանց»,–ասաց նա։

Դարդից խմեց. գինեգործական երկիր համարվող Հայաստանում ավելի շատ օղի են խմում

Շուկաներում ներկայացվածության խնդիրներ ունենք. Փաշինյանն ընդունել է գինեգործներին

Հարությունյանը հայտնեց նաև, որ խաղողագործների առջև ծառացած կարևոր խնդիրներից է ֆիլոքսերիայի տարածումը։ Այն վնասատու է, որը տարածվում է խաղողի այգիներում ու ոչնչացնում բերքը։ Գինեգործների միության նախագահի խոսքով` եթե պետությունը քայլեր չձեռնարկի դրա դեմ, այգիներն ուղղակիորեն կոչնչացվեն։

Հիշեցնենք, որ վիճակագրական տվյալների համաձայն՝ նախորդ տարի Հայաստանում արտադրվել է 30 մլն 751.9 հազար լիտր կոնյակ։ Այս ցուցանիշը 2017 թվականի համեմատ աճել է 2,5 տոկոսով: Ինչ վերաբերում է գինու արտադրությանը` նախորդ տարի հանրապետությունում արտադրվել է 8 մլն 877.4 հազար լիտր գինի՝ 2017 թ.-ի համեմատ աճելով 0.3 %-ով: