ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik.Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
«Նոյեմբերի 15-ին և 18-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի 9-րդ և 10-րդ տուրերի հանդիպումները՝ նախ Երևանում ընդունելով Հունաստանի հավաքականին, ապա հյուրընկալվելով Իտալիայի հավաքականին: Նախապատրաստվելով այդ հանդիպումներին՝ այսօր Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հրավիրված ֆուտբոլիստներից 19-ն արդեն միացել են հավաքին։ Կամո Հովհաննիսյանը, Արթուր Սարկիսովը, Ալեքսանդր Կարապետյանը և Հովհաննես Համբարձումյանը հավաքականին կմիանան այսօր՝ ավելի ուշ, իսկ Տիգրան Բարսեղյանը՝ նոյեմբերի 12-ի երեկոյան։
Մի ձեռքով երկու ձմերուկ չես բռնի, կամ ի՞նչ պետք է չլինի հայկական ֆուտբոլում
Այսօր՝ ժամը 17։30-ին, հավաքականը կանցկացնի առաջին՝ վերականգնողական մարզումը, որը կանցկացվի Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ։
Հիշեցնենք` նոյեմբերի 7-ին Խաշմանյանը միաձայն ընտրվեց ազգային հավաքականի մարզիչ։
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական էր ներկայացրել հոկտեմբերի 18-ին։ Նա այդ պաշտոնը ստանձնել էր 2018 թվականի հոկտեմբերին։ Նրա հրաժարականին նախորդել էր հոկտեմբերի 15-ին կայացած Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հանդիպումը Ֆինլանդիայի ընտրանու հետ, որն ավարտվել էր մեր պարտությամբ` 0:3 հաշվով: