Բարձրագույն դատական խորհուրդը մերժեց Հովհաննիսյանի դիմումը. նա կշարունակի պաշտոնավարել

Արդեն իսկ նախաձեռնված և պլանավորվող աշխատանքների բարեհաջող իրագործման համար կարևորվել է, որպեսզի Հայկ Հովհաննիսյանը մնա և շարունակի Խորհրդում իր աշխատանքները`գործընկերների հետ միասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik. Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը կշարունակի պաշտոնավարել։

Ինչպես տեղեկացնում են ԲԴԽ մամուլի ծառայությունից, այսօր կայացած Բարձրագույն դատական խորհրդի նիստում քննարկվել է խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանի հրաժարականի հարցը։ Խորհրդի անդամների հորդորով` նիստին մասնակցել է նաև պարոն Հովհաննիսյանը։

ԲԴԽ–ն ձեռնպահ է մնալու քաղաքական բնույթի հայտարարություններին արձագանքելուց

Նիստին ներկա բոլոր անդամները հորդորել են իրենց գործընկերոջը չպնդել հրաժարականի դիմումը։ Պարոն Հովհաննիսյանը չի պնդել հրաժարականի դիմումը և կշարունակի պաշտոնավարել։

Շուրջ երկու ժամ քննարկվել են հրաժարականի պատճառները։ Դատական բարեփոխումների համատեքստում Հայկ Հովհաննիսյանը ներկայացրել է այն ծրագրերն ու գաղափարները, որոնց, նրա կարծիքով, պետք է առաջնահերթություն տրվի։

Մասնավորապես, քննարկման առարկա են դարձել դատական մարմինների համակարգի բյուջետային պլանավորման, Դատական դեպարտամենտի աշխատանքների կազմակերպման խորքային վերափոխումների անհրաժեշտության, էլեկտրոնային արդարադատության ներդրմանը, ինչպես նաև դատավորների ներգրավվածության մեծացման և հանրության հետ նրանց շփումների կազմակերպման հարցերը։

Հաստատվեց. դատական համակարգի բարեփոխումը պետության վրա 20 մլրդ դրամ կնստի

Խորհրդի նիստին ներկա բոլոր անդամները կարևորել են առաջ քաշված խնդիրների լուծումը։ Նշվել է, որ արդեն իսկ նախաձեռնված և պլանավորվող աշխատանքների բարեհաջող իրագործման համար կարևոր է, որպեսզի Հայկ Հովհաննիսյանը մնա և շարունակի Խորհրդում իր աշխատանքներն իր գործընկերների հետ միասին։

Հիշեցնենք, որ այսօր ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Անդրադառնալով հրաժարականի պատճառներին` ԲԴԽ անդամը, մասնավորապես, նշել էր, որ ԲԴԽ գործունեությունը, որպես անկախ սահմանադրական մարմնի, չի համապատասխանում դատական խորհուրդների միջազգային լավագույն փորձին։