Առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության որևէ որոշում ընդունվել չի կարող. Լավրով

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով` համանախագահող երկրները պետք է այնպես անեն, որ Ղարաբաղյան հակամարտության հարցում փոխզիջումն ազնիվ լինի և ներկայացնի հակամարտող կողմերի հետաքրքրությունների իրական բալանսը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանը որպես Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը պետք է այնպես անի, որ Ղարաբաղյան հակամարտության բանակցություններն ընթանան ընդհանուր համաձայնության հողի վրա, բայց բոլորին է պարզ, որ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության որևէ որոշում ընդունվել չի կարող, Հայաստանն ուղղակի դրանք չի ստորագրի։

Սերգեյ Լավրովը ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդում. լուսանկարներ

Այս մասին այսօր Երևանում կայացած ՀՀ և ՌԴ արտգործնախարարների համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը` պատասխանելով Արցախին բանակցային սեղան վերադարձնելու մասին հարցին։

«Բանակցությունների մասնակիցների հարցում համաձայնության պիտի գան հենց հակամարտող կողմերը»,–նշեց Լավրովը։

Նա հիշեցրեց, որ հրադադարի կնքման պահին Ղարաբաղը հանդիսանում էր բանակցային կողմ և մասնակցում էր բանակցություններին։ Բայց ինչ-որ պահի Հայաստանի իշխանությունները որոշում կայացրին, որ Ղարաբաղի շահերը կներկայացնի Հայաստանը։

«Ուզում եմ նշել, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ նա կրկին ընդգծեց, որ ցանկացած որոշում պետք է ներկայացնի և՛ Հայաստանի, և՛ Ղարաբաղի, և՛ Ադրբեջանի ժողովուրդների հետաքրքրությունները։ Սրա հետ դժվար է չհամաձայնել»,–ասաց Լավրովը։

Ադրբեջանը Ռուսաստանին բողոքի նոտա է հղել. Մասիս Մայիլյանի մոսկովյան այցը բարկացրել է նրանց

Պատասխանելով հարցին, թե ինչպես պետք է որոշումը ներկայացնի 3 կողմի շահերը, երբ Ադրբեջանն անընդհատ խոսում է տարածքային ամբողջականությունից և ոչ մի դեպքում չի համաձայնում Արցախի ժողովրդի լիակատար ինքնորոշման հետ, Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նշեց, որ տարածքային ամբողջականությունը և ազգերի ինքնորոշումն ամրագրված են խաղաղ կարգավորման բոլոր փաստաթղթերում. «Իսկ վերջնական որոշումն, ամեն դեպքում, պետք է բխի բոլոր այս սկզբունքներից, սա չեն վիճարկում ոչ պաշտոնական Երևանը, ոչ Բաքուն, մնացածը դիվանագիտության արվեստ է և  փոխզիջման գնալու պատրաստակամություն։ Ցանկացած համաձայնություն, հատկապես նման դժվար խնդիրի դեպքում, առաջին հերթին պետք է հենված լինի փոխզիջումների վրա, և մենք` որպես համանախագահներ, պետք է այնպես անենք, որ փոխզիջումն ազնիվ լինի և ներկայացնի հակամարտող կողմերի հետաքրքրությունների իրական բալանսը»,–ասաց Սերգեյ Լավրովը։

«Հայ ժողովուրդն անգնահատելի դեր ունի ֆաշիզմի ջախջախման գործում». Սերգեյ Լավրով

Հիշեցնենք, որ Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով Հայաստան է եկել նոյեմբերի 10-ին։ Երեկ երեկոյան նա Հայաստանի ազգային պատկերասրահում մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված «Ծաղիկներ մարտիկներին» ցուցահանդեսի բացմանը։

Այսօր` նոյեմբերի 11–ին,  նրան ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՌԴ ԱԳ նախարարը հանդիպելու է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։