Խցանումները կնվազե՞ն. նոր նախագծով վարորդը կտուգանվի, եթե վթարված մեքենան չհանի ճանապարհից

ՃՏՊ–ի ենթարկված վարորդներն այդ մասին ոստիկանությանը հայտնելուց հետո տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով պետք է ֆիքսեն մեքենաների դիրքը, կրած վնասները, բացի այդ, պետք է 20 րոպեի ընթացքում մեքենան հանեն ճանապարհից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխությունները կարող են նվազեցնել խցանումները, սակայն մյուս կողմից` կարող են նաև անմեղ վարորդներին մեղավոր ճանաչելու դեպքերն ավելացնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը։

«Վաղ է խոսել ԱՊՊԱ Համաձայնեցված հայտարարագրի նոր ձևի արդյունավետության մասին». Քեյան

Նշենք, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:

Գորիսի ոլորաններում խցանումներ են` ճանապարհաշինարարների տառասխալի պատճառով

Այնտեղ նշվում է, որ ՃՏՊ–ների ժամանակ եթե մեքենայի տեղափոխումը հնարավոր է, ապա ոստիկանություն հայտնելուց հետո 20 րոպեի ընթացքում պետք է ազատել ճանապարհի երթևեկելի հատվածը` նախապես տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով ֆիքսելով մեքենաների դիրքը, կրած վնասները։ Եթե ՃՏՊ–ի հետևանքով չկան վնասվածքներ ստացած անձինք և վարորդը 20 րոպեի ընթացքում չազատի ճանապարհի երթևեկելի մասը` կտուգանվի 10 000 դրամի չափով։

«Նախագիծը խցանումները թեթևացնելու լծակ է լինելու և փորձ է արվելու ավտովթարների ժամանակ հնարավորինս արագ վերականգնել ճանապարհի երթևեկելի հատվածը: Պիկ ժամերին` առավոտյան 9-11–ը և երեկոյան 17։00-19։00–ը, խցանումների հետևանքով փոքր վթարներ են լինում, իսկ այդ փոքր վթարների հետևանքով առաջանում են խոշոր խցանումներ։ Նախագծով առաջարկված մեխանիզմը նաև սա վերացնելու համար է»,–ասաց Ղահրամանյանը։

Նրա խոսքով, սակայն, հետագայում կարող են որոշ խնդիրներ առաջանալ։ Մասնագետը հայտնեց, որ այսօր էլ, երբ ՃՈ տեսուչները և ԱՊՊԱ ներկայացուցիչները գալիս են ու տեղում արձանագրություն կազմում, լինում են դեպքեր, որ անմեղ վարորդները մեղավոր են ճանաչվում։ Ըստ նրա՝ անկախ ամեն ինչից, երբ փորձագետը մեքենան տեսնում է վթարի ժամանակ, ավելի լավ է պատկերացնում իրավիճակը, քան` երբ նկարներով փորձի տեղանքը և իրավիճակը պատկերացնել։

Ապահովագրումը կթվայնացվի. կառավարությունը կլուծի վթարներից առաջացող խցանումների հարցը

Օրինակ, երբ վթարի հետևանքով մեքենայի վրայից մասեր թափվեն գետնին, որը կարող է քննիչներին ինչ–որ բան ասել, ապա մեքենան տեղանքից հանելուց հետո, բնականաբար, գետնին թափված մասերը մյուս մեքենաների երթևեկության հետևանքով կտեղաշարժվեն։

«Սակայն սա էլ կարող է իր հետևից դրական փոփոխություն բերել` վարորդները կպահանջեն, որ ավելանան ոստիկանության կարգախմբերը, որ շուտ հասնեն վթարի վայր։ Խնդիրն այն է, որ այսօրվա դրությամբ ոչ մի վթարի ՃՈ կարգախմբերը 20 րոպեի ընթացքում չեն կարողանում հասնել, քանի որ նրանց քանակը շատ քիչ է։ Տարիների ընթացքում ավտոմեքենաների քանակն ավելացել է, իսկ կարգախմբերի քանակը` ոչ»,–ասաց Ղահրամանյանը։

Sputnik Արմենիան զրուցել է նաև վարորդների հետ. 54–ամյա Գարեգին Ավետյանը, որը 13 տարի է, ինչ տաքսի է վարում, նշեց, որ նախագիծը կթեթևացնի վարորդների կյանքը։ Նրա խոսքով՝ ՃՏՊ–ների հետևանքով երբեմն մեկ ժամանոց խցանումներ են առաջանում։

«Այստեղ մեկ այլ հարց կա՝ ինչ է անելու վարորդը, որի հեռախոսը տեսանկարահանելու հնարավորություն չունի։ Թոռներս այնքան են հեռախոս ջարդել, որ հիմա հին հեռախոսներից եմ գնել, որը լուսանկարում է, բայց էկրանն այնքան փոքր է, որ չի երևում նկարածը»,–ասաց նա։

Մեկ ուրիշ վարորդ՝ 43–ամյա Գայանե Մանուկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ եթե տեսուչներն ու ԱՊՊԱ ներկայացուցիչները սուբյեկտիվ չլինեն, 20 րոպեի ընթացքում հանեն վթարված մեքենան հանեն երթևեկելի հատվածից, ապա մյուս վարորդները նրանց պատճառով ստիպված չեն լինի խցանման մեջ ընկնել։

Մանուկյանը նշեց, սակայն, որ միայն սրանով խցանումների հարցը չի լուծվի, և ՃՈ–ն պետք է այլ լուծումներ էլ մտածի։